Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ
18 July 2019
Հուլիսի 18-ին Մոսկվայում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը:
Հանդիպման ընթացքում ակումբի հիմնադիր և համակարգող Նվեր Սարգսյանը նշեց, որ «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբը ստեղծվել է 2014 թվականին և հանդիսանում է բիզնեսի սեփականատերերի, խոշոր ընկերությունների և անհատ մասնագետների միջև փոխգործակցության բազմակողմանի հարթակ: Միջազգային ձևաչափով այն միակ բիզնես հարթակն է, որն ունի ներկայացուցիչներ Ռուսաստանից և Հայաստանից։ Բիզնես ակումբի մասնակիցներն են աշխարհի տարբեր երկրների գործարարներ և մասնագետներ:
Իր խոսքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց սփյուռքի հետ տարվող աշխատանքներում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, ակնկալվող ծրագրերը, համահայկական նշանակություն ունեցող խնդիրները, ինչպես նաև հանձնակատարի գրասենյակի նոր գործելաոճը` ակնկալելով Ռուսաստանի հայկական կազմակերպությունների և հայ համայնքի ակտիվ մասնակցությունը:
Ակումբի մասնակիցները հայտնեցին, որ կշարունակեն Հայաստանում և Արցախում իրականացնել մի շարք ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրեր՝ բարձր տեխնոլոգիաների, էկոլոգիայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում:
Հատուկ ընդգծեց, որ «Կիլիկիա» բիզնես ակումբի ստեղծման իսկ օրվանից բոլոր մասնակիցներն իրենց համեստ ներդրումն են ունեցել և ապագայում էլ պատրաստ են աջակցել ռուսաստանյան գործարարների և հայ արտադրողների համագործակցությանը և բիզնես կապերին։
Այնուհետև Զարեհ Սինանյանը դեսպանատանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և կարևորեց Գլխավոր հանձնակատարի այցը:
Զարեհ Սինանյանն իր խոսքում անդրադարձ կատարեց Հայաստան-սփյուռք հարաբերություններում առկա նոր մոտեցումների, պատասխանեց ներկաների հարցերին: