Զարեհ Սինանյանի հերթական հանդիպումներն ընթանում են Սանկտ Պետերբուրգում
13 September 2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում հանդիպեց Սանկտ Պետերբուրգի միջազգային հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի նախագահ Օլեգ Կապիտոնովի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայկական սփյուռքի ներուժին, սփյուռքի հետ աշխատանքում Հայաստանի տեսլականին, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայիս վիճակին: Օլեգ Կապիտոնովը նշեց, որ տեղի համայնքն աչքի է ընկնում իր հյուրընկալությամբ, կազմակերպվածությամբ, ջերմ հարաբերություններով և խաղաղ համակեցությամբ:
Այնուհետև «Վերնատուն» մշակութային կենտրոնում Զարեհ Սինանյանն առաջին անգամ հանդիպում ունեցավ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը վարում էր համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը: Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրեց գրասենյակի աշխատանքը, գործառույթները, սպասվող ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշեց, որ կառույցը ստեղծվել է սփյուռքի հետ ավելի ակտիվ աշխատելու և քաղաքականություն մշակելու, համայնքներն ուժեղացնելու և ձուլման ընթացքը հնարավորինս դանդաղեցնելու համար: «Սփյուռքը պետք է առավելագույնս ինտեգրված լինի հայաստանյան կյանքին: Սակայն միևնույն ժամանակ մեր հայրենակիցները նաև իրենց բնակության երկրների հասարակություններին պետք է լիարժեքորեն մասնակցեն՝ պահպանելով հայ ինքնությունը: Իհարկե, մեր վերջնական նպատակը հայրենադարձությունն է»,-նշեց Զարեհ Սինանյանը: Նա մանրամասն խոսեց համահայկականության, հայաստանակենտրոն հայություն և երկիրը գրավիչ դարձնելու մասին: «Նախքան ֆիզիկական հայրենադարձությունը՝ անհրաժեշտ է հոգեբանորեն հասնել հայրենադարձության: Այսօր ստեղծվում է այնպիսի Հայաստան, որտեղ ցանկացած սփյուռքահայ պետք է իմանա, որ ինքը տեղ ունի, կարող է աշխատանք գտնել, լավ կրթություն և առողջապահական ծառայություններ ստանալ, արարել, ստեղծել: Սփյուռքի կողմից միակողմանի օգնության տրամաբանությունն իրեն սպառել է: Այդ հարաբերությունները պետք է հիմնվեն նաև տնտեսական սկզբունքների վրա»,-ընդգծեց Գլխավոր հանձնակատարը:
Հայ համայնքի ակտիվիստ, ղեկավար խորհրդի անդամ Վահան Բաբախանյանը պրեզենտացիայով ներկայացրեց հայ համայնքի գործունեությունը, իրականացրած միջոցառումները, մշտական կապը Հայաստանի հետ:
Այնուհետև հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով: Հարցերի շրջանակն ընդգրկուն էր՝ սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբումից, մասնագիտական, երիտասարդական հավաքների կազմակերպումից, սփյուռքի քարտեզագրումից, համահայկական խորհրդի գաղափարի ստեղծումից մինչև տեղում ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու առաջարկներ, հայկական երաժշտական գործիքների պակաս, մայրենի լեզվի պահպանում, երկքաղաքացիություն: Ներկաները դժգոհություններ ունեին գրքերի առաքման ծրագրից, առաջարկներ հնչեցին համայնքներում գրասենյակի ներկայացուցիչներ ունենալու վերաբերյալ: Պետերբուրգի հայ բժիշկների ասոցիացիայի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին օգնել Հայաստանի առողջապահական համակարգին, իրականացնել փոխանակման ծրագրեր և կատարել վիրահատություններ: Համայնքային ներկայացուցիչները մշտապես մասնակցում են Պետերբուրգի գործարար միջազգային ֆորումին, սակայն ցանկություն հայտնեցին, որ Հայաստանից ևս մասնակիցներ լինեն:
Հանդիպումից հետո Գլխավոր հանձնակատարն այցելեց Կամսկի այգում տեղադրված Կոմիտասի հուշարձանին, ծաղիկներ խոնարհեց, եղավ Սուրբ Կատարինե եկեղեցում և կիրակնօրյա դպրոցում: