Հայրենադարձություն, ներդրումներ և Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացում՝ մեկ ծրագրում
06 September 2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև կնքվեց փոխըմբռման հուշագիր «ՆերՈւժ» սփյուռքի սթարթափ ծրագիրը համատեղ իրականացնելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Համագործակցությունը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում հայրենադարձությունը խթանող միջավայրի ձևավորմանը, ինովացիոն, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում հայկական սփյուռքի հետ աշխատանքի ակտիվացմանը և տեղի սթարթափ էկոհամարգի զարգացմանը:
Ողջունելով ներկաներին՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը խոսեց «ՆերՈւժ» ծրագիրը նախարարության հետ համատեղ իրականացնելու գաղափարի մասին. «Հաշվի առնելով սփյուռքից հայրենադարձության խթանման կարևորությունը, ինչպես նաև սփյուռքից ներդրումների կարևորությունը, մասնավորապես` բարձր տեխնոլոգիաների ոլորտում, շարունակում ենք «ՆերՈւժ» ծրագրի իրագործումը: Անցյալ տարի այն իրագործվեց բավականին մեծ հաջողությամբ` 100-ից ավել ընկերություններ մասնակցեցին այդ ծրագրին, որի արդյունքում եղան 9 հաղթողներ, որոնք ստացան զգալի գումարներ և այլ խթանիչներ, որպեսզի կարողանան իրագործել իրենց ծրագրերը: Այս տարի շարունակում ենք նույն նպատակներով, բայց շեշտը դրվելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա»: Զարեհ Սինանյանը տեղեկացրեց՝ ծրագրում եղել են նաև ձևաչափային փոփոխություններ. հանվել է տարիքային սահմանափակումը, տեղացի սթարթափերները վերջնական քառօրյա հավաքին մասնակցելու, կապեր ստեղծելու, դասընթացներին մասնակցելու հնարավորություններ կունենան, սակայն դրամաշնորհներ չեն ստանա:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր խոսքում նշեց. «Նախարարությունը ստեղծվել է տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, ինչպես նաև թվայնացման և ռազմաարդյունաբերության զարգացման համար: Այս ծրագրով մենք, ըստ էության, ևս մեկ քար ենք դնում «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի իրականացման գործում: Անփոխարինելի է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությունն ու մասնակցությունը, և դա է պատճառը, որ այսօր այստեղ ենք այս հուշագիրը ստորագրելու և ֆիքսելու, որ միասին երկար ճանապարհ ունենք անցնելու»: Նախարարը շեշտեց նաև, որ Հայաստանը տարածաշրջանում տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակ կա, և սա ապահովելու համար մենք ունենք մրցակցային առավելություն՝ հայկական սփյուռքի հայրենակիցների գոյությունը և աջակցությունը:
Երկուստեք կարևորվեց, որ «ՆերՈւժ» ծրագրով քայլ է արվում նպաստելու տաղանդի արտահոսքի կասեցմանն ու ներհոսքի հարուցմանը:
Զարեհ Սինանյանը և Հակոբ Արշակյանը շնորհակալություն հայտնեցին նաև ծրագրի առաջին գործընկերներին՝ FAST և IDeA հիմնադրամներին, Startgate.vc կազմակերպությանը:
Ծրագրի հայտադիմումների, վերջնաժամկետների, անցկացման օրերի, դրամաշնորհների վերաբերյալ մանրամասները շուտով հասանելի կլինեն ծրագրի պաշտոնական կայքում՝ Neruzh.am: