Արեվիկ Անջել Վարդանիան
Ես Արեվիկ Անջել Վարդանիանն եմ։ Ծնվել եմ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, այնուհետև տեղափոխվել եմ Շվեդիա։ Երկար տարիներ ապրել եմ Մալմյոյում, իսկ ներկայումս բնակվում և սովորում եմ Ստոկհոլմում։
2020 թվականից TFG Armenia բարեգործական կազմակերպության ակտիվ անդամ եմ՝ ներգրավված լինելով մարդասիրական, կրթական և հասարակական տարբեր նախաձեռնություններում։ Արցախյան պատերազմի ընթացքում մասնակցել եմ «SOS Արցախ» ծրագրին՝ աջակցելով տուժած ընտանիքներին, ինչպես նաև ներգրավված եմ եղել Գյումրիում իրականացվող՝ մանկատան երեխաներին աջակցելուն ուղղված ծրագրերում։
Ավագ դպրոցում երեք տարի ուսանել եմ հասարակագիտություն՝ միջազգային հարաբերությունների ուղղվածությամբ։ 2022–2025 թվականներին եղել եմ Եվրոպական խորհրդարանի կրտսեր դեսպան (Junior Ambassador for the European Parliament)՝ մասնակցելով Եվրոպական միության, ժողովրդավարության, միջազգային հարաբերությունների և քաղաքականության թեմաներով կրթական ծրագրերի, միջոցառումների և ճանաչողական այցերի Շվեդիայում և Դանիայում, ինչպես նաև ՄԱԿ-ի մոդելային խաղերի։
Ներկայումս սովորում եմ Ստոկհոլմի համալսարանի Սլավոնական երկրների մշակույթի և քաղաքականության բակալավրի կրթական ծրագրում։ Մասնագիտական նպատակս դիվանագետ դառնալն է և միջազգային հարաբերությունների ոլորտում նպաստել երկրների միջև արդյունավետ համագործակցությանն ու խաղաղ երկխոսությանը։ Հատկապես կարևորում եմ Հայաստանի և Շվեդիայի միջև կապերի զարգացմանն իմ հնարավոր ներդրումն ունենալը։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ նպատակ ունեմ համախմբել Շվեդիայում բնակվող հայ երիտասարդներին, ամրապնդել նրանց կապը Հայաստանի հետ և խթանել ազգային ինքնության, լեզվի, մշակույթի ու պատմության պահպանմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Ցանկանում եմ ստեղծել երիտասարդների միջև հաղորդակցության և համագործակցության նոր հնարավորություններ, որտեղ նրանք կկարողանան փոխանակվել փորձով, նախաձեռնել համատեղ ծրագրեր և իրենց գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել Հայաստանի և Սփյուռքի զարգացմանը։