Շարունակվում են Զարեհ Սինանյանի հանդիպումները Մոսկվայում
19 July 2019
Հուլիսի 19-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպեց ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ:
Հանդիպմանը ներկա էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Հանդես գալով առանձին ելույթով` նա նշեց, որ արժևորում է իրենց կառույցի անդամների և Գլխավոր հանձնակատարի հանդիպումը:
Զարեհ Սինանյանը ողջունեց խորհրդի անդամներին և բարձր գնահատեց հայոց բանականշինության մեջ գեներալ-լեյտենանտի կարևոր ներդրումը: Ներկաները նշեցին, որ խորհուրդը ստեղծվել է 2013 թվականին, ներառում է 15 տարբեր կազմակերպություններ: Անդամները մանրամասն ներկայացրին իրենց գործունեությունը, խոսեցին այն խնդիրների մասին, որոնք ծառացել են Ռուսաստանում հայկական կազմակերպությունների առջև և հանդես եկան կոնկրետ առաջարկություններով:
Հայկական կազմակերպությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին ջանք ու գիտելիք չխնայել հանուն Հայաստանի։ Իր հերթին Զարեհ Սինանյանը կարևորեց խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները` ուղղված ռուսաստանաբնակ հայերի և Հայաստանի միջև կապի ամրապնդմանը:
Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև «Լսարան» նախագծի հիմնադրի և նախաձեռնող խմբի անդամների հետ: Նրանք ներկայացրին կրթամշակութային «Լսարան» համաժողովը, որը այս տարի սեպտեմբերին արդեն 5-րդ անգամ է անցկացվելու, որին հրավիրեցին նաև Զարեհ Սինանյանին: