Ուկրաինայի հայ համայնքի հետ աշխատանքը՝ նոր հարթության վրա
16 November 2019
Ուկրաինա աշխատանքային այցի երկրորդ օրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սկսեց Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ հանդիպմամբ: Մասնակցում էին միության մի շարք անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Գլխավոր հանձնակատարը ողջունեց ներկաներին և իր ուրախությունը հայտնեց ծանոթության առթիվ: «Առաջին այցս է Ուկրաինա: Այստեղ հսկայածավալ հայ համայնք ունենք՝ մեծ ներուժով և հնարավորություններով, որը պետք է սերտ համագործակցության միջոցով հնարավորինս իրացնել և միասին աշխատել: Հայ համայնքն իրոք գործուն է, դինամիկ»,-նշեց Զարեհ Սինանյանը:
Վիլեն Շատվորյանը ներկայացրեց համայնքային կյանքը, միության գործունեությունն ու աշխատանքի ձևաչափը համայնքի ներսում, ինչպես նաև կարևորեց հայերի դերակատարությունը հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: «Այստեղ «ոսկի» երիտասարդություն ունենք՝ հետաքրքիր ու ակտիվ, նրանք ամբողջապես մասնակցում են համայնքային կյանքին, և մենք էլ շահագրգռված ենք նպաստելու սերնդափոխությանը»,-նշեց միության ղեկավարը: Նա հավելեց, որ Ուկրաինայի բազմահազարանոց հայ համայնքն իրոք ահռելի չիրացված ներուժ ունի, և հանձնակատարի այս այցը նոր, ավելի սերտ հարաբերությունների մեկնարկի խոսուն ազդակ է: «Պատրաստ ենք համագործակցության, պարզապես պետք է ճիշտ ձևաչափ մշակել: Համայնքն իրոք համախմբված ու միասնական է, և մենք փորձում ենք առավելագույնս օգտակար լինել Հայաստանին»,-նշեց Վիլեն Շատվորյանը:
Միության անդամները մանրամասնորեն ներկայացրին ՈւՀՄ-ի աշխատանքը հայ համայնքում, կառուցվածքը, բաժանմունքները, միության ներսում գործող երիտասարդական, մշակութային և այլ շրջանակները:
Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորեց միության գործունեությունը և սերտ աշխատանքի ու մշտական հետադարձ կապի հույս հայտնեց: