Ուրուգվայ
Հայերն Ուրուգվայում սկսել են հաստատվել 19-րդ դարի սկզբին: 20-րդ դարում՝ 1912 թվականից սկսած, Մոնտեվիդեո են եկել զգալի թվով մարաշցիներ, քեսաբցիներ, այնթապցիներ, զեյթունցիներ և կեսարացիներ։ Համայնքը սկսել է կազմավորվել 1920-ական թթ., երբ hայոց ցեղասպանությունից փրկված և Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայ գաղթականների ստվար խմբեր տեղափոխվեցին Ուրուգվայ։
Ներկայումս ուրուգվահայության թիվը տատանվում է 15000-20000-ի սահմաններում: Հայերը հիմնականում կենտրոնացած են Մոնտեվիդեոյում, սակավաթիվ հայ ընտանիքներ կան նաև Պիրիապոլիս քաղաքում:
Ուրուգվայում հայ համայնքը պաշտոնապես ներկայացնում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կենտրոնական վարչական խորհուրդը։ Գործում են 1 առաքելական, 1 կաթոլիկ և 2 ավետարանական եկեղեցի, 2 ամենօրյա վարժարան, հայ ազգային կուսակցությունների (ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ) տեղական կազմակերպությունները՝ իրենց միություններով ու ակումբներով, ինչպես նաև հայրենակցական, բարեգործական, մշակութային և երիտասարդական միություններ։ Հայերի հիմնական մասը զբաղվում է առևտրով և արհեստներով, կան խոշոր ձեռնարկատերեր (կոշիկի գործարանատերեր, մեծածախ առևտրով զբաղվողներ), իրավաբաններ, բժիշկներ, հաշվապահներ, ճարտարագետներ, պետական ծառայողներ, մշակույթի գործիչներ:
Հայերն ակտիվ են նաև քաղաքական կյանքում:
Ուրուգվայում գործում են հայկական պարախմբեր, երգչախմբեր, նվագախմբեր և թատերախումբ։ Հեռարձակվում է հայկական 3 ռադիոժամ, տպագրվում է 1 թերթ:
Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթող, կոչվում է «Արմենիա», իսկ ծովեզրյա հարակից պողոտան` «Ռամբլա-Արմենիա»: «Արմենիա» անունը կրող հրապարակ կա նաև Պիրիապոլիս ծովափնյա քաղաքում:
Ուրուգվայն առաջին երկիրն է, որը 1965 թ.-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»: