Ներդրումներ
Բովանդակություն
Հակիրճ տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրումների ոլորտում առաջնորդվում է «բաց դռների» քաղաքականության, ներդրումային գործունեության հետ կապված հարաբերությունների ազատականացման, օտարերկրյա ներդրողների համար ազգային և առավել բարենպաստ ռեժիմների ամրագրման, ներդրումների պատշաճ պաշտպանության և միջազգային առաջադեմ պրակտիկայում ընդունված այլ սկզբունքներով:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր հերթին պատրաստակամ է աջակցել սփյուռքահայ ներդրողներին, նրանց հուզող հարցերի բարձրացման և դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնել ՀՀ պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններին:
Հայաստանի Հանրապետության ներդրումների խթանման ազգային գործակալությունն է ՀՀ կառավարության կողմից ստեղծված «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը, որի առաքելությունն է խթանել և սպասարկել օտարերկրյա և տեղական ներդրումները, Հայաստան ներգրավել նոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ, հետներդրումային սպասարկում տրամադրել օտարերկրյա ներդրողներին:
«Էնթերփրայզ Արմենիան» մեկ պատուհան սկզբունքով համալիր աջակցություն է տրամադրում օտարերկրյա և տեղացի գործարարների ներդրումային նախաձեռնությունների իրականացմանը՝ ներդրումային բոլոր փուլերում: ՀՀ-ում արդեն իսկ գործունեություն ծավալող օտարերկրյա կապիտալով ընկերություններին և միջազգային բրենդներին «Էնթերփրայզ Արմենիան» տրամադրում է հետներդրումային սպասարկման ծառայություն՝ ՀՀ բիզնես միջավայրը բարելավելու և վերաներդրումները խրախուսելու նպատակով:
Կառույցի գործունեության հիմնական ուղղություններն են.
- Հայաստանի առաջմղում միջազգային հարթակներում՝ որպես գրավիչ ներդրումային ուղղություն՝ օտարերկրյա ներդրողների համար ՀՀ ներդրումային հնարավորությունների, բիզնես միջավայրի, այդ թվում պետական խթանների և այլ ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջոցով:
- Այլ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական և ներդրումային կապերի խթանում և զարգացում՝ միջազգային գործընկերների հետ ինստիտուցիոնալ գործընկերության հաստատման և ամրապնդման միջոցով:
- Ուղեկցում ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներում՝ այդ թվում ապահովելով ներդրող-պետական հատված արդյունավետ հաղորդակցությունը և աջակցելով պետական մարմինների հետ աշխատանքներում, խորհրդատվություն և աջակցություն տրամադրելով ներդրումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, համաֆինանսավորման աղբյուրների և հնարավոր ռեզիդենտ գործընկերների վերաբերյալ:
- Հետներդրումային սպասարկման տրամադրում՝ համակարգային իրավական խնդիրների գույքագրման և համապատասխան պետական գերտեսչություններին ներկայացման, առաջացող խնդիրներին օպերատիվ արձագանքման և ընկերությունների կողմից վերաներդրումներ իրականացնելու ընթացքում անհրաժեշտ աջակցության տրամադրման միջոցով:
«Էնթերփրայզ Արմենիայի» բոլոր ծառայություններն անվճար են:
Օտարերկրա ներդրողների հետ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ «Էնթերփրայզ Արմենիան» ձևավորել է իր ներկայացուցիչների ցանցը արտերկրում:
Ներկայացուցիչները նպաստում են կառույցի առաքելության իրականացմանը՝ իրենց նշանակման երկրներում ներդրողների և գործարար համայնքի հետ կապերի ձևավորման, նրանց համար ՀՀ ներդրումային հնարավորությունների բացահայտման և Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվության և տեղեկատվության տրամադրման միջոցով:
«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի հետ կապ հաստատելու համար գործում են հետևյալ կոնտակտային տվյալները՝
Հասցե՝ ՀՀ, ք. 0010 Երևան, Մհեր Մկրտչյան 5ա
Հեռ.՝ +374 11 208 105
Էլ. փոստ՝ onewindow@isc.am
Կայք՝ https://enterprisearmenia.am/hy
«Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչների ցանցին և նրանց հետ կապ հաստատելու կոնտակտներին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3GaVQ2r