ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ
Հազարամյակներ շարունակ հայ ազգը յուրօրինակ կամուրջ է հանդիսացել Արևելքի և Արևմուտքի միջև: Պետականության կորստի և բազմաթիվ օտար արշավանքների հետևանքով՝ միջնադարից սկսած հարևան երկրներում և այլ տարածաշրջաններում ձևավորվել են հայկական գաղթօջախներ: Ցեղասպանության արդյունքում՝ հարյուր հազարավոր փրկված հայեր ապաստան են գտել աշխարհի տարբեր կողմերում՝ ձևավորելով, ինչպես ընդունված է այսօր ասել, «դասական սփյուռքը»: Վերջինս հետագայում ընդլայնվել է ԽՍՀՄ փլուզման և դրան հաջորդած տնտեսական և տարածաշրջանային ճգնաժամի հետևանքով:
Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրներում բնակվում է շուրջ 7 մլն հայ, գործում են տասնյակ համահայկական ու հոգևոր, հարյուրավոր համայնքային ու հայրենակցական կառույցներ, լրատվամիջոցներ, շուրջ 1000 մեկօրյա և ամենօրյա դպրոցներ, գիտական ու կրթական հաստատություններ, մարզական ու մշակութային միություններ, բարեգործական ու հասարակական-քաղաքական կազմակերպություններ: