Քաղաքացիություն և Կացության Կարգավիճակ
Բովանդակություն
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգը
2022 թվականի հունիսի 25-ից ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որով բարելավվել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար մատուցվող ծառայությունների որակը, պարզեցվել է վարչարարությունն ու իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումը։ Նոր փոփոխությունները միտված են հետևյալ հարցերի կարգավորմանը՝
- ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող անձանց դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն սահմանվել է 90 աշխատանքային օր։
- ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավունք է վերապահվել առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում։
- ՀՀ քաղաքացի զավակ ունեցող անձը իրավունք ունի առանց օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես ՀՀ-ում բնակվելու պահանջի, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու (ՀՀ Սահմանադրության և հայերեն լեզվի իմացության ստուգման գործող կարգի համաձայն)։
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական եռալեզու կայքէջը գործարկվել է 2022 թվականի հունիս ամսվանից ։ Տե՛ս https://avv.police.am/
Ընդհանուր պահանջներ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար իրավունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ, եթե`
- օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է ՀՀ-ում,
- կարող է բացատրվել հայերենով,
- ծանոթ է ՀՀ Սահմանադրությանը:
Առանց 1-ին և 2-րդ կետերի սահմանված պահանջների պահպանման՝ ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը,
- ով մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին 2 տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել ՀՀ քաղաքացու հետ և այդ 2 տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանում կամ ունի ՀՀ քաղաքացի երեխա, կամ
- ում ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է ՀՀ-ում, և ով 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կամ
- ով 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել ՀՀ քաղաքացիությունից:
- ով ազգությամբ հայ է։
Տես՝ ՀՀ կառավարության որոշումները և քաղաքացիության մասին ՀՀ օրենք։
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
N 1390 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին առ 23 հունիս 2022 թ.
N 411 որոշում առ 25 մարտ 2010թ.
N 1390 որոշում առ 23 նոյեմբերի 2007թ.
N 1154 որոշում առ 4 հոկտեմբերի 2007թ.
N 1110 որոշում առ 20 սեպտեմբերի 2007թ.
Քաղաքացիություն՝
Անհրաժեշտ քայլեր
Անձնագրեր, նույնականացման քարտ (ID քարտ)
ՀՀ նախագահի կողմից ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիրը ստորագրելուց հետո Դուք կարող եք դիմել անձնագիր ստանալու համար Օվիրում կամ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում: Հնարավորություն ունեք ստանալու ստանդարտ կամ կենսաչափական (բիոմետրիկ) անձնագիր:
Եթե ստացել եք ստանդարտ անձնագիր, ապա կարող եք դիմել և ստանալ նաև կենսաչափական անձնագիր և այդպիսով ունենալ երկու վավեր անձնագրեր:
Անձնագիրը ստանալուց հետո Դուք կարող եք դիմել նույնականացման քարտ ստանալու համար (ID քարտ), որը տրվում է պլաստիկ քարտի տեսքով։ Այս փաստաթղթում նշվում է նաև Ձեր հանրային ծառայության համարանիշը։
Քաղաքացիության ճանաչում
ՀՀ քաղաքացի կարող եք ճանաչվել, եթե՝
- ՀՀ մշտական բնակիչ եք եղել 1995 թվականի հուլիսի 13-ի դրությամբ, պայմանով, որ Դուք եղել եք Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) քաղաքացի և ձեռք չեք բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել եք դրանից,
- ՀՀ մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը կամ ՀՀ մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները,
- ՀՀ-ից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ԽՍՀՄ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն:
Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ
Ով կարող է դիմել Ժամանակավոր Կացության Կարգավիճակ ստանալու համար
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ:
Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝
- ուսումը,
- աշխատանքի թույլտվության առկայությունը,
- ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը,
- ՀՀ-ում քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը,
- ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,
- ազգությամբ հայ լինելը,
- օրենքով սահմանված այլ դեպքեր:
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:
Ով կարող է դիմել Մշտական Կացության Կարգավիճակ ստանալու համար
Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`
- ապացուցում է Հայաստանում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, ՀՀ-ում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում,
- ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,
- ազգությամբ հայ լինելը։
Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:
Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում.
- 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար.
- անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
- ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր.
- առողջական վիճակի մասին տեղեկանք.
- պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու և կացության կարգավիճակը երկարաձգելու որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (OVIR)` «Քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգը» բաժմում նշված փաստաթղթերն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում:
Որտեղ դիմել
ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն
Հասցե՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք, Երևան 0054
Աշխատանքային օրեր՝ Երկ․ Երք․ Չրք․ Հնգ․ 09։00-17։00, ընդմիջում՝ 14։00-15։00
Ուրբ․ 10։00-17։00, ընդմիջում՝ 14։00-15։00
Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու հարցը OVIR-ը համաձայնեցնում է Ազգային անվտանգության ծառայության հետ։
Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տրամադրումը կարող է մերժվել «Օտարերկրացիների մասին» օրենքի 19-րդ հոդվածում նշված կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում (մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ՝ բացելով այս հղումը):
Մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալիս Ձեզ կտրվի համապատասխան կացության քարտ:
Հատուկ կացության կարգավիճակ (Հատուկ անձնագիր)
Ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են ստանալ հատուկ կացության կարգավիճակ:
Այն շնորհվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգադրությամբ ազգությամբ հայ օտարերկրացիներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների՝ տասը տարի ժամկետով:
Հատուկ կացության կարգավիճակ ունեցողներին տրվում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, որով կարելի է ազատ մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք և բնակվել, աշխատել, սովորել, բիզնես վարել, սեփականության իրավունքով հողատարածք ձեռք բերել և զբաղվել ցանկացած այլ օրինական գործունեությամբ՝ առանց մուտքի վիզայի: Հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, բացառությամբ՝ ընտրական իրավունքի: Նրանց վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու պարտականությունը:
Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը և դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերը ՀՀ-ում կարող եք ներկայացնել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետությունում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ ժամկետը մինչև 60 օր է։
ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվել է ՀՀ կառավարության կողմից (տես՝ Հավելված 1)։
ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- Դիմում ԱՎՎ պետի անունով
- Դիմում-հարցաթերթիկ և պատճենը (3 օրինակից)
- ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելը հավաստող փաստաթուղթ՝ ՀՀ մուտքի վիզա, կացության քարտ, ՀՀ հատուկ անձնագիր, սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից անձի փաստաթղթում ՀՀ մուտք գործելու մասին կատարված նշումը (4 օրինակից)
- ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը (4 օրինակից)՝
ա. եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,
բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված եւ ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,
գ․ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից,
դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ.
Սույն կետի "դ" պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաեւ տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ:
Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաև ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիրը, ծննդյան վկայականը
- անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը և պատճենը (3 օրինակից)
- 5սմ x 4.5սմ չափսի 6 գունավոր լուսանկար
- պետական տուրքի վճարման անդորրագիր (900005162111100 - 150.000 դրամ):
Վճարներ և ծախսեր
Բացի փաստաթղթերի թարգմանությունների և նոտարական վավերացումների համար նախատեսված վճարներից, Դուք պետք է վճարեք հետևյալ պետական տուրքերը՝
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ | |
---|---|---|
Քաղաքացիության դիմում | 1,000 դրամ | |
Սովորական անձնագիր | 1,000 դրամ | |
Կենսաչափական անձնագիր | 25,000 դրամ | |
Նույնականացման քարտ (ID քարտ) | 3,000 դրամ | |
Գրանցման հասցե | 1,000 դրամ | |
Անձնագրի կամ նույնականացման քարտի (ID քարտի) արագ տրամադրում | 1 աշխատանքային օրում (հաջորդ օրը) | 20,000 դրամ |
3 աշխատանքային օրում | 10,000 դրամ | |
5 աշխատանքային օրում | 5,000 դրամ | |
Կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու | 105,000 դրամ | |
Մշտական կացության կարգավիճակ, մշտական կացության քարտ տալու | 140,000 դրամ | |
Հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու | 150,000 դրամ | |
Կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարացնելու համար | 105,000 դրամ | |
Մշտական կացության քարտը փոխելու համար | 20,000 դրամ | |
Կացության մշտական և ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների կացության քարտը վերականգնելու համար | 12,000 դրամ | |
Կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորը տալու համար | 75,000 դրամ |
Ընտանիքի անդամներ
ՀՀ քաղաքացի, մինչև 6 տարեկան երեխայի անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 6-ից մինչև 16 տարեկան երեխայի անձնագիրը՝ 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը: Պետք է նկատի ունենալ, որ մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի ՀՀ քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով: Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի դիմումի հիման վրա: Եթե ծնողը անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:
Ազգությամբ հայ երեխան, իրավունք ունի ստանալ ՀՀ քաղաքացիություն, նույնիսկ եթե նրա ծնողներից ոչ մեկը ՀՀ քաղաքացիներ չեն՝ ՀՀ-ում բնակություն հաստատելու (բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու) պահից («ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 12.1. հոդված )
Ձեր ամուսինը/կինը կարող է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե նա համապատասխանում է «Ամուսնության հիմքով քաղաքացիություն» բաժնում նշված չափանիշներին:
ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Ձեր ամուսինը, ծնողը, որդին, դուստրը, եղբայրը, քույրը, տատը, պապը կամ թոռը կարող են ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ, իսկ մշտական կացության կարգավիճակ՝ ՀՀ-ում 3 տարի բնակվելուց հետո: Առանձին դեպքերում կարող է տրամադրվել հատուկ (10 տարի) կացության կարգավիճակ (տես՝ «Հատուկ կացություն» բաժինը)։
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել մեր գրասենյակի հայրենադարձության բաժին.
Բաժնի պետ՝ Հովհաննես Ալեքսանյան
Հեռ.՝ (+37410) 51-55-32
Էլ. հասցե՝ repatriation@gov.am, diaspora@gov.am