1. Պատրաստել փաստաթղթերը
ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը սկսվում է անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից՝
1) դիմում-հարցաթերթ.
2) օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը.
3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).
4) ծննդյան վկայականը և դրա պատճենը.
5) ամուսնության վկայականը և դրա պատճենը.
6) ամուսնու անձնագիրը և դրա պատճենը.
7) իր զավակի ծննդյան վկայականը և դրա պատճենը և զավակի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը կամ ՀՀ քաղաքացիությունը հավաստող այլ փաստաթուղթ
8) ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը`
ա. սույն որոշման N 4 հավելվածում նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված սույն որոշմամբ նախատեսված կարգով, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,
բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,
գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված սույն որոշմամբ նախատեսված կարգով,
դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ.
9) սույն կետի 8-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ: Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաև սույն կետի 2-րդ, 4-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված` ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող փաստաթղթերը.
10) քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը
11) փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
12) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը կամ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները.
13) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
Վերոհիշյալ փաստաթղթերից ծննդյան, ամուսնության վկայականները պետք է լինեն ապոստիլով, իսկ ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթը, օրինակ՝ մկրտության վկայականը, պետք է հաստատվի ՀՀ դեսպանության կամ հյուպատոսության կողմից այն երկրում, որտեղ այն տրվել է։ (Այստեղ կարող եք գտնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների համար լրացվող դիմումների ձևերը)։
ՀՀ քաղաքացիության ձեռք բերման համար պահանջվող փաստաթղթերից դիմում-հարցաթերթիկը կարող եք ներբեռնել այստեղ։