Քաղաքացիություն և Կացության Կարգավիճակ
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգը
Ընդհանուր պահանջներ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար իրավունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ, եթե`
- օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է ՀՀ-ում,
- կարող է բացատրվել հայերենով,
- ծանոթ է ՀՀ Սահմանադրությանը:
Առանց 1-ին և 2-րդ կետերի սահմանված պահանջների պահպանման՝ ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը,
- որը մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին 2 տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել ՀՀ քաղաքացու հետ և այդ 2 տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանում կամ ունի ՀՀ քաղաքացի երեխա, (տես՝ «Ամուսնության հիմքով քաղաքացիություն» բաժինը), կամ
- որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է ՀՀ-ում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, կամ
- որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել ՀՀ քաղաքացիությունից:
- որը ազգությամբ հայ է
Քաղաքացիություն՝
Անհրաժեշտ քայլեր
Անձնագրեր, նույնականացման քարտ (ID քարտ)
ՀՀ նախագահի կողմից ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիրը ստորագրելուց հետո Դուք կարող եք դիմել անձնագիր ստանալու համար: Հնարավորություն ունեք ստանալու սովորական կամ կենսաչափական անձնագիր:
Եթե Ձեզ տրվել է սովորական անձնագիր, ապա կարող եք ավելի ուշ դիմել և ստանալ նաև կենսաչափական անձնագիր և այդպիսով ունենալ երկու վավեր անձնագրեր: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ կենսաչափական անձնագրում նաև նշվում է Ձեր «բնակության վայրը», իսկ եթե չեք ցանկանում, որ Ձեր բնակության երկիրի մասին նշվի այդ անձնագրում, կարող եք նախընտրել սովորական անձնագիր:
Բացի այդ` Դուք կարող եք ստանալ նույնականացման քարտ (ID քարտ), որը տրվում է պլաստիկ քարտի տեսքով։ Այս փաստաթղթում նշվում է նաև Ձեր սոցիալական ապահովության համարը (հանրային ծառայության համարը)։
Քաղաքացիության ճանաչում
ՀՀ քաղաքացի կարող եք ճանաչվել, եթե՝
- ՀՀ մշտական բնակիչ եք եղել 1995 թվականի հուլիսի 13-ի դրությամբ, պայմանով, որ Դուք եղել եք Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) քաղաքացի և ձեռք չեք բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել եք դրանից,
- ՀՀ մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը կամ ՀՀ մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները,
- ՀՀ-ից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն:
Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ
Ով կարող է դիմել Ժամանակավոր Կացության Կարգավիճակ ստանալու համար
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ:
Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝
- ուսումը,
- աշխատանքի թույլտվության առկայությունը,
- ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը,
- ՀՀ-ում քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը,
- ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,
- ազգությամբ հայ լինելը,
- օրենքով սահմանված այլ դեպքեր:
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:
Ով կարող է դիմել Մշտական Կացության Կարգավիճակ ստանալու համար
Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`
- ապացուցում է Հայաստանում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, ՀՀ-ում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում,
- ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,
- ազգությամբ հայ լինելը։
Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:
Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում.
- 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար.
- անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
- ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր.
- առողջական վիճակի մասին տեղեկանք.
- պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու և կացության կարգավիճակը երկարաձգելու որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (OVIR)` «Քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգը» բաժմում նշված փաստաթղթերն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում:
Որտեղ դիմել
ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն
Հասցե՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք, Երևան 0054
Աշխատանքային օրեր՝ Երկ, Երք, Չրք, Հնգ 09։00-17։00, ընդիմջում 14։00-15։00
Ուրբ 10։00-17։00, ընդիմջում 14։00-15։00
Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու հարցը OVIR-ը համաձայնեցնում է Ազգային անվտանգության ծառայության հետ` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ԱԱԾ ուղարկելով Ձեր անձնագրի և դիմում-հարցաթերթիկի պատճենները, իսկ եթե Դուք ուսանող եք ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում, միայն ցուցակները։
Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալը OVIR-ը կարող է մերժել «Օտարերկրացիների մասին» օրենքի 19-րդ հոդվածում նշված կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում (մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ՝ բացելով այս հղումը):
Մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալիս Ձեզ կտրվի համապատասխան կացության քարտ:
Հատուկ անձնագիր (հատուկ կացության կարգավիճակ)
Մինչև ՀՀ կողմից երկքաղաքացիության օրինականացումը (ՀՀ Սահմանադրության 2005 թվականին և «Քաղաքացիության մասին» օրենքում 2007 թվականին փոփոխություններ կատարելը) հատուկ անձնագրերը (հատուկ կացության կարգավիճակը) շատ տարածված էին հայերի շրջանում, քանի որ նրանք չցանկանալով հրաժարվել օտարերկրյա պետության քաղաքացիությունից, այդ եղանակով պահպանում էին իրենց քաղաքացիությունը։
Ներկայումս էլ բազմաթիվ օտարերկրացիներ նախընտրում են ստանալ հատուկ անձնագիր (հատուկ կացության կարգավիճակ), այլ ոչ թե ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն այլ պատճառով (օրինակ՝ զինապարտության հետ կապված մտահոգությունները)։
Հատուկ անձնագրի (հատուկ կացության կարգավիճակի) վավերականության ժամկետը 10 տարի է: Հատուկ անձնագիր ունեցող անձը կարող է ազատ մուտք գործել ՀՀ և դուրս գալ առանց վիզայի, բնակվել, աշխատել, սովորել, բիզնես վարել և զբաղվել ցանկացած այլ օրինական գործունեությամբ՝ առանց աշխատանքի թույլտվության կամ այլ փաստաթղթերի: Հատուկ անձնագիր ունեցող անձն ունի նաև այլ առավելություն՝ սեփականության իրավունքով ունենալ գյուղատնտեսական և այլ հողեր անմիջապես իր անունով՝ առանց իրավաբանական անձի ստեղծման անհրաժեշտության: Հատուկ անձնագրերը տրվում են հայկական ծագում ունեցող օտարերկրացիներին, այսինքն՝ ազգությամբ հայերին։ Սակայն բացառիկ դեպքերում հատուկ անձնագրեր կարող են տրամադրվել նաև ազգությամբ ոչ հայերին, ովքեր ՀՀ-ում զբաղվում են տնտեսական կամ մշակութային գործունեությամբ: Մինչև 16 տարեկան երեխաները նույնպես կարող են ստանալ հատուկ անձնագրեր:
Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը և դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերը ՀՀ-ում կարող եք ներկայացնել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (OVIR), իսկ օտարերկրյա պետությունում` դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ ժամկետը մոտ 60 օր է։
ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվել է ՀՀ կառավարության կողմից (տես՝ Հավելված 1)։
Վճարներ և ծախսեր
Բացի փաստաթղթերի թարգմանությունների և նոտարական վավերացումների համար նախատեսված վճարներից, Դուք պետք է վճարեք հետևյալ պետական տուրքերը՝
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ | |
---|---|---|
Քաղաքացիության դիմում | 1,000 դրամ | |
Սովորական անձնագիր | 1,000 դրամ | |
Կենսաչափական անձնագիր | 25,000 դրամ | |
Նույնականացման քարտ (ID քարտ) | 3,000 դրամ | |
Գրանցման հասցե | 1,000 դրամ | |
Անձնագրի կամ նույնականացման քարտի (ID քարտի) արագ տրամադրում | 1 աշխատանքային օրում (հաջորդ օրը) | 20,000 դրամ |
3 աշխատանքային օրում | 10,000 դրամ | |
5 աշխատանքային օրում | 5,000 դրամ | |
Կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար | 105,000 դրամ | |
Մշտական կացության կարգավիճակ, մշտական կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար | 140,000 դրամ | |
Հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու, ինչպես նաև հաշվառելու համար | 150,000 դրամ | |
Կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարացնելու համար | 105,000 դրամ | |
Մշտական կացության քարտը փոխելու համար | 20,000 դրամ | |
Կացության մշտական և ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների կացության քարտը վերականգնելու համար | 12,000 դրամ | |
Կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորը տալու համար | 75,000 դրամ |
Ընտանիքի անդամներ
Եթե Դուք ունեք մինչև 6 տարեկան երեխա և ՀՀ քաղաքացիություն, նաև բնակվում եք ՀՀ-ում, ՀՀ քաղաքացու անձնագիրը նրան տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով:
Եթե Ձեր երեխան 6 տարեկանից մինչև 16 տարեկան է, ապա նրան ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը:
Եթե Ձեր երեխայի 16 տարին լրացած է` ապա նրան ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով:
Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:
Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի դիմումի հիման վրա: Եթե ծնողը անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:
Մինչև 16 տարեկան երեխային մյուս ծնողի դիմումի հիման վրա անձնագիր չի տրամադրվում, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան, ՀՀ ոստիկանություն նախապես ներկայացնում է անձնագիր տրամադրելու անհամաձայնության վերաբերյալ գրավոր հայտարարություն: Հայտարարությանը կցվում է երեխայի բնակության վայրը որոշելու` նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը:
2018 թվականից սկսած՝ ազգությամբ հայ երեխան, իրավունք ունի ստանալ ՀՀ քաղաքացիություն, նույնիսկ եթե նրա ծնողներից ոչ մեկը ՀՀ քաղաքացիներ չեն՝ ՀՀ-ում բնակություն հաստատելու (բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու) պահից («ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 12.1. հոդված )
Ձեր ամուսինը/կինը կարող է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե նա համապատասխանում է «Ամուսնության հիմքով քաղաքացիություն» բաժնում նշված չափանիշներին:
ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Ձեր ամուսինը, ծնողը, որդին, դուստրը, եղբայրը, քույրը, տատը, պապը կամ թոռը կարող են ստանալ ժամանակավոր (1 տարի) կացության կարգավիճակ: Մշտական (5 տարի) կացության կարգավիճակ կարող է տրվել նաև ՀՀ-ում 3 տարի բնակվելուց հետո: Առանձին դեպքերում կարող է տրամադրվել հատուկ (10 տարի) կացության կարգավիճակ (տես՝ «Հատուկ կացություն» բաժինը)։