Քաղաքացիություն՝ ազգության հիմքով
Ազգությամբ հայերն իրավունք ունեն ստանալ ՀՀ քաղաքացիություն առանց լեզվական կամ ռեզիդենտության պահանջներին համապատասխանության անհրաժեշտության։ Ազգությունը հաստատելու համար անհրաժեշտ է բավարարել որոշ պարտադիր պահանջներ։ Հայկական անուն կամ ազգանուն ունենալը կամ ազատ հայերենին տիրապետելը, ինքնին բավարար չէ։ Դիմողը պետք է ներկայացնի փաստաթուղթ (ծննդյան վկայական,անձնագիր, անձը հաստատող այլ պաշտոնական փաստաթուղթ), որը կհաստատի, որ նա, կամ նրա ծնողը, կամ պապը, տատը, հարազատ քույրը կամ եղայրը հայ են: Դա կարող է լինել ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ: Դրա համար անհրաժեշտ է, որ ներկայացվող փաստաթղթերում (որոշ երկրներում, օրինակ՝ ծննդյան վկայականում, ընտանեկան գրացամատյաններում և այլն) առկա լինի ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշումը: Պետք է հիշել, որ Ձեր ծննդյան վկայականն անհրաժեշտ է, որ վավերացված լինի ապոստիլով (բացառությամբ այն երկրների, որոնց հետ ՀՀ-ն ունի ապոստիլ չպահանջող միջպետական պայմանագիր, Օր․՝ ՌԴ և այլն), իսկ դրա հայերեն թարգմանությունը՝ նոտարական կարգով: Այսպիսով, պահանջվող փաստթղթերը (բացի անձնագրից) պետք է լինեն ապոստիլով և նոտարական թարգմանությամբ։
Հայ լինելու փաստը հաստատող ամենատարածված փաստաթղթերից է Սփյուռքի որևէ համայնքի եկեղեցական կառույցի կողմից տրված մկրտության վկայականը, որը պետք է վավերացված լինի այն երկրում գտնվող ՀՀ դեսպանության կամ հյուպատոսության կողմից, որտեղ այն տրվել է։
Այսպիսով, պետք է վավերացնել մկրտության վկայականը և ունենալ ապոստիլով ծննդյան վկայական՝ մինչ դրանք կներկայացվեն համապատասխան մարմին։
Այստեղ կարող եք տեսնել այն եկեղեցիների ցանկը, որոնց մկրտության վկայականները ընդունելի են ՀՀ կառավարության կողմից (տես՝ Հավելված 4)։ Եթե Ձեր բնակության վայրի եկեղեցին նշված չէ ցուցակում, կամ եթե Ձեր բնակության երկրում չկա ՀՀ-ան դեսպանատուն, հյուպատոսություն, ապա Ձեզանից կարող է պահանջվել փաստաթղթի հաստատում այլ երկրում գործող ՀՀ դիվանագիտական մարմնում (օրինակ՝ Ավստրալիայի դեպքում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն):