Սիրիայում հայերի ներկայությունն ունի հազարամյակների պատմություն: Համաձայն եղած վկայությունների՝ պատմական Ասորիքի տարածքում հայերը հայտնվել են մ.թ.ա. առաջին դարում՝ Տիգրան Մեծի թագավորության օրոք: Սիրիայում նույնիսկ թողարկվում էին հայոց արքայի անունը և պատկերը կրող դրամներ: Դամասկոսում հայկական համայնքի մասին առաջին հիշատակությունը մեզ է հասել 7-րդ դարից, երբ այդ քաղաքը դարձավ Օմայյան խալիֆայության մայրաքաղաքը: Սիրիայում հայերի թիվը սկսել է աճել, հատկապես՝ 9-11-րդ դարերում՝ Բյուզանդական կայսրության կողմից հյուսիսային Սիրիա զգալի թվով հայերի բռնի ներգաղթեցնելու, ապա՝ Բագրատունիների թագավորության անկման 1045թ., սելջուկ-թուրքերի ասպատակությունների 11-րդ դարի կեսեր, իսկ հետագայում նաև Կիլիկյան Հայաստանի անկման (1375թ.) հետևանքով: Օսմանյան կայսրության տիրապետության շրջանում ռազմաքաղաքական և տնտեսական տարբեր դրդապատճառներով տեղի են ունեցել հայերի արտագաղթերը Սիրիայի հյուսիսային տարբեր շրջաններ՝ Հալեպ կենտրոնով: Այստեղ մինչև ցեղասպանություն հաստատված հայերը հայտնի են որպես «արման կադիմ» (հին հայեր), ովքեր հիմնականում կաթոլիկ, արաբախոս հայեր են: