«Որպես ազգ՝ մենք նման ենք ժայռի».սիրիահայ Հրայր Ակիլեան
13 Դեկտեմբերի 2021
Սիրիահայ Հրայր Ակիլեանը Հայաստան է վերադարձել Հալեպից, երբ թվում էր, թե քաղաքացիական պատերազմին վերջ չկա: Պատերազմից անդին՝ նա ընտրեց Հայաստանն իր և ընտանիքի համար ավելի խաղաղ ու հանգիստ կյանք ապահովելու համար:
Հայաստանում ապրելու առաջին տարիներին Հրայրը ֆինանսավորել է 16 հարկանի 3 շենքերի կառուցումը Դավթաշեն թաղամասում, որտեղ ներկայումս ապրում է 244 ընտանիք, իսկ բնակիչների 75%-ը սփյուռքահայեր են։ Տարիների ընթացքում նա նաև մեծ աշխատանք է կատարել՝ Հայաստանը ներկայացնելով սփյուռքի իր մտերիմ ընկերներին, և նրանք նույնպես ընտրել են հենց հայրենիքում բնակությունը:
Բայցևայնպես, նրա հայրենադարձության ճանապարհն առանց մարտահրավերների չի անցել: Հրայրը ստիպված էր հարմարվել բիզնեսի կառավարման նոր ձևին և կյանքի բոլորովին նոր ոճին, նաև լեզվական խոչընդոտներին: Ինչպես ինքն է ասում, նա նաև սկսեց հասկանալ, որ սա այլևս Սիրիայի հայկական համայնքը չէ, այլ իրական երկիր, որտեղ բոլոր բնակիչները հայեր են: «Սփյուռքում մեզ համար մեծ պատասխանատվություն կա պահպանել հայ ինքնությունը, համայնքում ակտիվ լինել և այնպես ապրել, որ օտար երկրի բնակիչները հարգեն քեզ: Այստեղ՝ Հայաստանում, մենք այդ ներքին ճնշումները չունենք»։ Հրայրը կարծում է, որ սփյուռքը հայ ժողովրդի ամենամեծ ուժն է. «Որպես ազգ՝ մենք նման ենք ժայռի: Շատ դժվարություններ են գալիս ու հետ գնում, ինչպես ջուրը: Ջրի ալիքները հետք են թողնում ժայռի վրա, բայց չեն կոտրում այն»: Յուրաքանչյուր երկիր դժվարությունների է հանդիպում: Ահա այդ պատճառով Հրայրը մտածում է, որ նրանք, ովքեր ընտրում են Հայաստան տեղափոխվելը, պետք է գան առանց ակնկալիքների։
Հարցին, թե ինչու պետք է սփյուռքահայերը մտածեն հայրենադարձության մասին, ասում է. «Սա Հայաստանն է, ոչ ոք չի կարող ինձ ասել, որ գնամ իմ երկիր: Ես արդեն այստեղ եմ»:
Հրայր Ակիլեանը Երևանի կենտրոնում գտնվող «Լազիզ» արագ սննդի ռեստորանի նոր սեփականատերն է, որը գտնվում է տարածքի վերանորոգման փուլում: