Հայերը Հյուսիսային Ամերիկայում բնակություն են հաստատել 17-րդ դարի առաջին տասնամյակներից: Այստեղ եկած առաջին հայի` պարսկահպատակ զինվորական Ջոն Մարտինի (Հովհաննես Մարտիկյան) անունը հիշատակվում է 1618 թ., որը զբաղվել է ծխախոտագործությամբ: Հաջորդ տեղեկությունը Ամերիկա եկող հայ մարդկանց մասին վերաբերվում է երկու պոլսահայ շերամաբույծ վարպետների, որոնք 1653-1654 թթ. Օսմանյան կայսրությունից այս երկիր են եկել Վիրջինիայի նահանգի կառավարչի հրավերով շերամաբուծությունը զարգացնելու նպատակով: