Ղրղզստան
2003 թ. պաշտոնական տվյալներով՝ Ղրղզստանում բնակվում էր 1364, ոչ պաշտոնական տվյալներով` ավելի քան 3000 հայ, որոնք կենտրոնացած էին գլխավորապես մայրաքաղաք Բիշքեկում: Հայերը բնակվում էին նաև Չույսկի, Օշսկի և Ջալալ Աբադսկի մարզերում: Նրանք հիմնականում ձեռներեցներ էին, արհեստավորներ, ուսուցիչներ, դասախոսներ, բժիշկներ: 2004 թ. Ղրղզստանի հայ համայնքն ընդլայնեցին Թուրքմենստանից գաղթած հայերը, սակայն 2010 թ. հետո այդ թիվը նկատելիորեն նվազեց։
Այսօր Ղրղզստանում կա շուրջ 700 հայ։ Նրանց գրեթե կեսը տիրապետում է մայրենի լեզվին, պարբերաբար այցելում է Հայաստան և մշտական կապի մեջ է հայաստանաբնակ բարեկամների հետ:
Հայերը որոշակի նպաստ են բերել Ղրղզստանի տնտեսական կյանքի զարգացման գործում, զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ: Ներկայում Ղրղզստանի հայերի թվում կան գիտությունների դոկտորներ, գիտության և մշակույթի ոլորտների վաստակավոր գործիչներ, ինչպես նաև միջին և մանր ձեռներեցներ, բյուջետային համակարգի աշխատակիցներ (բժիշկներ, ուսուցիչներ): 1999 թ. Ղրղզստանում հրատարակվեց գիտությունների դոկտոր, Ղրղզստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Գրիգորի Բալյանի «Հայերը Ղրղզստանում» գիրքը:
1996 թ. Բիշքեկում ստեղծվել է Ղրղզստանի հայերի «Քարավան» հասարակական մի-ավորումը, որն անդամակցում էր 1994 թ. պետական նախաձեռնությամբ ձևավորված «Ղրղզստանի ժողովրդի ընկերակցություն» հասարակական կազմակերպությանը: Վերջինս միավորում է երկրի ազգային-հասարակական կառույցները, ինչպես նաև նրանց տրամադրում գրասենյակներ մեկ ընդհանուր «Բարեկամության տուն» կոչվող տանիքի ներքո։
2009 թ. հոկտեմբերին կազմակերպությունը վերանվանվեց «Նաիրի» հասարակական միավորում և գոյատևեց մինչև 2015 թ.։
2017 թ. մարտին պաշտոնապես գրանցվեց «Արարատ» հայկական համայնք հասարակական նոր միությունը, որի հիմնադիրները Ղրղզստանում ապրող հայ գործարարներն են։ Նրանց ջանքերով բարեկարգվեց «Հայաստանի տունը», վերաբացվեց մեկօրյա դպրոցը, ստեղծվեց պարային համույթ, համալրվեց հայկական գրադարանը: