Չինաստան
Չինաստանում հայերի մասին առաջին անգամ հիշատակվում է 2-րդ դարում` որպես մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ: Հայկական փոքր գաղութներ հիմնվել են մոնղոլական առաջին արշավանքներից (13-րդ դ. սկիզբ) հետո, երբ Հայաստանից գերեվարած հազարավոր հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսային շրջաններում: Այնուհետև հայերը հաստատվել են երկրի ծովափնյա քաղաքներում, հատկապես՝ Կանտոնում (այժմ՝ Գուանչժոու), որտեղ մինչև 1307 թ. կառուցել են եկեղեցի:
Առաջին հայկական համայնքները ժամանակի ընթացքում ձուլվել են: 17-րդ դ. կեսին Կանտոնում բնակվել է 30 հայ ընտանիք: 18-րդ դ. ոչ մեծ հայկական առևտրական տներ են եղել Շանհայում: 19-րդ դ. սկզբին հայերի նոր հոսք է եղել Հնդկաստանից ու հարևան երկրներից, որոնք բնակություն են հաստատել Չինաստանի արևելքում: Ամենահայաշատ քաղաքը եղել է Խարբինը, որտեղ 1930-ական թթ. բնակվել է 500 հայ, գործել է եկեղեցի, «Արծիվ» հայրենասիրական միությունը, Հայ տիկնանց միությունը, Հայ երիտասարդական ակումբը:
Չինաստանում հաստատված հայերը հիմնականում եղել են առևտրականներ, բժիշկներ, ճարտարագետներ, փաստաբաններ, արհեստավորներ: 17-18-րդ դդ. հայ վաճառականները նկատելի դեր են կատարել Չինաստանի առևտրում և ունեցել են անգլիացիներին հավասար իրավունքներ, սեփական նավեր, գործարաններ (Կանտոնում): Մեծ հեղինակություն են վայելել հայ բժիշկները. Խարբինի առողջապահության գործը ղեկավարել է Ստեփան Մուղդեսյանը: Կանտոնաբնակ չինարենի ուսուցիչ Հովհաննես Ղազարյանն անգլերենից չինարեն է թարգմանել Աստվածաշունչը, որը համարվում է չինարեն առաջին և լավագույն թարգմանությունը:
Հոնկոնգում հայտնի հայերից է եղել Պոլ Չաթերը (Խաչիկ Աստվածատրյան, 1902 թ. Հոնկոնգի կառավարությունը նրան շնորհել է «Սըր» տիտղոսը), որը 1876-1926 թթ. ղեկավարել է Հոնկոնգի հաշտարար դատարանը: Պոլ Չաթերի ծրագրով և միջոցներով է կառուցվել Հոնկոնգի նավահանգիստը, տեղի համալսարանը, բազմաթիվ այլ շենքեր: Հայ բարերարի անունով Հոնկոնգում կան փողոցներ, իսկ նրա մարմարե պալատը վերածվել է թանգարանի:
Հայոց ցեղասպանության հետևանքով բազմաթիվ հայեր գաղթել են Չինաստան՝ այնտեղից ԱՄՆ մեկնելու նպատակով, սակայն շատերը հարկադրված մնացել են երկրում:
ՉԺՀ-ի հռչակումից հետո երկրում մնացած հայերն ամբողջովին հեռացել են Չինաստանից այլ երկրներ` Ավստրալիա, ԱՄՆ, Ֆիլիպիններ:
Ներկայումս Չինաստանում տարբեր տվյալներով ապրում է շուրջ 800-1000 հայ՝ հիմնականում Պեկինում և Հոնկոնգում: Հայկական համայնքը համախմբված է «ՉինաՀայ» հասարակական կառույցի շուրջ։ Երկրում գործում են կայքէջեր, որոնք հնարավորություն են տալիս համախմբելու Չինաստանի հայությանը: Հայերն ընդգրկված են տարբեր ոլորտներում. հիմնականում իրավաբաններ են, ֆինանսիստներ, գործարարներ: Կան նաև Հայաստանից սովորող ուսանողներ, որոնց մի մասն ավարտելուց հետո մնում և աշխատում է Չինաստանում:
2006 թ. Շենջենում բնակվող ֆրանսահայ Միհրան Փափազյանի նախաձեռնությամբ ձևավորվել է Չինահայ համացանցային-սոցիալական հարթակը, որի շրջանակներում ստեղծված Չինահայ (http://www.chinahay.com) կայքը համախմբել է հայերին:
2013 թ. կարևոր էր համայնքի վերջնական կազմավորման գործում: Հայաշատ քաղաքների մի շարք անդամներ՝ Հենրի Արսլանյանի գլխավորությամբ, 2013 թ. հիմնել են համայնքի ղեկավար Գործադիր մարմինը, որը ներկայացնում է Չինաստանի տարբեր քաղաքներում բնակվող հայերի շահերը:
Համայնքի կայացմանը մեծ լիցք է հաղորդել 2013 թ. նոյեմբերին Հոնկոնգում բացված Ջեք և Ջուլիա Մաքսյանների անվան հայկական մշակութային կենտրոնը: Համայնքի գործունեության կշիռն ու կազմակերպվածությունը բարձրացնելու համար Հոնկոնգում 2014 թ. գրանցվել է «Հոնկոնգի և Չինաստանի հայկական համայնք» կազմակերպությունը:
2014 թ. Չինաստանի Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ` Պեկինի օտար լեզուների համալսարանում (ՊՕԼՀ) դասավանդվում է հայոց լեզու:
2015 թ. դեկտեմբերին Չինաստանի Դալիան քաղաքի Oտար լեզուների համալսարանում բացվել է առաջին հայագիտական կենտրոնը։
2014 թ. ստեղծվել է Չինաստանի հայկական ուսանողական միությունը: