Հնդկաստան
Հայ-հնդկական առնչությունների մասին տեղեկություններ կան դեռևս Քսենոփոնի (մ.թ.ա. 5-4-րդ դդ.), Զենոբ Գլակի (մ.թ. 4-րդ դ.), Մովսես Խորենացու (5-րդ դ.), Պրոկոպիոս Կեսարացու (6-րդ դ.) երկերում: Հնդկաստանում առաջին հայ համայնքները կազմավորվել են 15-16-րդ դդ., ստվարացել 17-18-րդ դդ. (շուրջ 20-25 հզ. մարդ), երբ բազմաթիվ պարսկահայեր բնակություն են հաստատել Հնդկաստանի 20 քաղաքներում և առևտրակայաններում: Հնդկահայ համայնքի ստեղծմանը զգալի չափով նպաստել է Մեծ մողոլների կայսրության գահակալ Աքբար թագավորը (1556-1605), որը երկրում արհեստագործությունն ու առևտուրը զարգացնելու նպատակով իր թագավորության սահմաններում ելումուտի ազատ իրավունք է տվել հայ վաճառականներին:
Համայնքները եղել են ազգային-եկեղեցական և ենթարկվել Ամենայն Հայոց կաթողիկոսությանը: Հայ իրականության մեջ առաջինը մադրասահայերն են կազմել համայնքային կանոնադրություն՝ «Տետրակ որ կոչի նշաւակ...» (1783), ըստ որի՝ համայնքի բարձրագույն մարմինը եղել է ընդհանուր ժողովը:
1686 թ. անգլիական Արևելահնդկական ընկերության հետ կնքած պայմանագրով հայ վաճառականներն անգլիական ազդեցության ոլորտում գտնվող բոլոր երկրներում ստացել են ազատ առևտուր անելու, սեփականություն ձեռք բերելու, պաշտոններ վարելու, առևտրակայաններում բնակվելու իրավունք:
1688 թ. Արևելահնդկական ընկերությունն առևտրատնտեսական պայմանագիր է կնքել Սուրաթի հայության ղեկավար խոջա Փանոս Քալանթարի հետ, որով հայ վաճառականները Հնդկաստանում և նրա շրջակա երկրներում ստացել են Անգլիայի քաղաքացու բոլոր արտոնություններն ու իրավունքները:
18-րդ դ. սկզբին Մադրասի, Կալկաթայի, Բոմբեյի հայ առևտրական տներն արդեն լայն կապեր էին հաստատել եվրոպական ու ասիական քաղաքների, ինչպես և Ռուսաստանի հետ: Նրանք ունեցել են սեփական նավեր, նույնիսկ նավահանգիստ Կալկաթայում, ապա հայկական նավերն այնքան են շատացել Հնդկական օվկիանոսի ջրերում, որ ժամանակի ընթացքում կարիք է առաջացել ստեղծելու «Հայկական ծովային ապահովագրության ընկերությունը», որն իր բաժանմունքներն է ունեցել Լոնդոնում, Սինգապուրում, Չինաստանում և Հնդկաստանի ծովափնյա քաղաքներում:
Հնդկահայ գաղութն ավելի է ստվարացել 1722 թ.-ից հետո, երբ Սպահան և Նոր Ջուղա քաղաքների հայերն աֆղանական հարձակումների հետևանքով ստիպված գաղթել են Հնդկաստան:
Հնդկահայերն ակտիվորեն մասնակցել են Հնդկաստանի ազատագրական պայքարին: Աչքի են ընկել հատկապես Մալաբարի հայերը, որոնք 1662 թ. հնդիկների հետ միասին կռվել են պորտուգալական նվաճողների դեմ: Հաղթանակից հետո Մալաբարի կառավարիչ է նշանակվել հայազգի Մարկոս Ռոգազը: 1760-1764 թթ. Բենգալիայում անգլիացիների դեմ կռվող հնդկական զորքի հրամանատարն է եղել Գորգին խանը (Գրիգոր Հարությունյան):
Հայերը Հնդկաստանում հասել են բարձր դիրքերի: Հիշատակելի են բարձրագույն դատավոր, ծագումով հայ Միր Ադըլը, պալատական բժշկուհի` հայուհի Հուլիանան, Աքբար թագավորի թագուհիներից` Մարիամ Զամանի Բեգումը, հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ և երգահան Միրզա Ալեքսանդր Ջուլդարնայնը և այլք:
Հնդկահայերը լայնորեն զբաղվել են նաև Հայաստանի ազատագրության խնդրով: Հայ ժողովրդի ազատագրական գաղափարախոսության ձևավորման գործում զգալի դեր է կատարել 1770-ականների սկզբին Մադրասում հիմնված խմբակը, որի ակնառու դեմքերն են եղել Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը, Շահամիր և Հակոբ Շահամիրյանները, Հարություն քահանա Շմավոնյանը և այլք: 1794-1796 թթ. Հարություն քահանա Շմավոնյանի ջանքերով Մադրասում լույս է տեսել հայ մամուլի առաջնեկը`«Ազդարարը»:
18-րդ դ. վերջին և 19-րդ սկզբին դպրոցներ են սկսել գործել հնդկահայ գրեթե բոլոր համայնքներում: 1821 թ. բացվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը, որը գործում է մինչ օրս և հանձնված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խնամակալությանը:
19-րդ դարի սկզբին Բոմբեյում հիմնադրված «Օհանասփյուռյան ընկերություն» մշակութային կազմակերպությունը: 20-րդ դարի սկզբում Կալկաթայում հիմնվել է «Հայկական մարզական ակումբը»: Այնուհետ հիմնվել և գործել են բազմաթիվ այլ մշակութային միություններ:
1947 թ. Հնդկաստանի անկախության հռչակումից հետո հնդկահայ համայնքն անկում է ապրել:
Ներկայումս Հնդկաստանում բնակվում են շուրջ 100, իսկ որոշ տվյալներով՝ 200 հայեր, որոնք կենտրոնացած են հիմնականում Կալկաթայում: Կալկաթայում, Նյու Դելիում և Հնդկաստանի այլ քաղաքներում բնակվում են ԽՍՀՄ փլուզումից հետո եկած շուրջ 50 ՀՀ քաղաքացիներ, որոնց թվում կան աշխատանքային միգրանտներ և ուսանողներ:
Հնդկաստանում գործում են հետևյալ հայկական կազմակերպությունները՝ Կալկաթայի Հայոց ակումբը (Քուինզ Մենշն շենքում), Հայոց մարզական ակումբը (Կալկաթա), Հայկական մշակութային կենտրոնը (Նյու Դելի, հիմնվել է 2015 թ.):
Առաջին հայկական եկեղեցին Հնդկաստանում կառուցվել է 1547 թ. Մադրասում:
Ներկայումս Հնդկաստանում գործում է 7 հայկական եկեղեցի: