Սինգապուր
Սինգապուրում հայերը հաստատվել են 18-րդ դարի վերջից: Սկզբնապես Սինգապուր են եկել հիմնականում մադրասահայերը, ապա նրանց հետևել են Հնդկաստանում և նրա հարևան երկրներում ապրող հայերը: Եկել են նաև Մալակկայից (Մալայզիա), Իրանից:
1820-ական թթ. սկզբին երկրում արդեն գործել են հայկական առևտրական երեք ընկերություններ: Հայերը մեծ հաջողությունների են հասել հատկապես սպասարկման ոլորտում, նրանց են պատկանել մի շարք հյուրանոցներ: Արևելքի առաջատար հյուրանոցատերեր են եղել Պարսկաստանի Սպահան քաղաքից Սինգապուր եկած Մարտին, Տիգրան, Ավետ և Արշակ Սարգիս եղբայրները: Նրանց է պատկանել մինչ օրս գործող հայտնի «Ռեյֆլս» հյուրանոցը (“Raffles Hotel”, հիմնվել է 1887 թ.), որը 1987 թ. ճանաչվել է որպես ազգային հուշարձան:
Երկրի նշանավոր պատմական հուշարձաններից է Սինգապուրի առաջին քրիստոնեական` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (ճարտարապետ` Ջորջ Քոլման), որը կառուցվել է 1835 թ., օծվել 1836 թ. և որպես ազգային պատմական կոթող պահպանվում է պետության կողմից։
Համայնքի ներքին կյանքը կազմակերպել է Ազգային ժողովը (հավանաբար հիմնադրվել է 1833 թ.):
Սինգապուրի պատմության մեջ հայ համայնքի ներկայացուցիչներից առավել նշանակալի հետք է թողել հայազգի ծաղկաբույծ Ագնես Հովակիմը (Աշխեն Հովակիմյան, 1854-1899), որը հայտնաբերել է Սինգապուրի ազգային խորհրդանիշը հանդիսացող «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձի տեսակը:
Հայերը Սինգապուրում հիմնել են «Արփի» և «Մասիս» վիմադարանները (19-րդ դ.), 1849-1853 թթ. լույս է տեսել «Ուսումնասեր» պարբերականը: Համայնքի ճանաչված անդամ Քաչիկ Մոսեսը (Մովսեսյան) 1845 թ. հիմնել է երկրի առաջին անգլալեզու թերթը՝ «Սթրեյթս թայմսը», որն այսօր ամենաազդեցիկն է երկրում:
1917 թ. Սինգապուրի հայ գաղթօջախը, թեև փոքրացած, բայց շարունակել է գոյատևել: Այդ թվականին է հիմնվել ՀԲԸՄ Սինգապուրի մասնաճյուղը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ճապոնացիները գրավել են Սինգապուրը, օտարազգի այլ բնակիչների հետ տուժել են նաև հայերը: Համայնքն այնքան է թուլացել, որ նույնիսկ դադարել է գործել եկեղեցին: Միայն 1996 թ., Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի Սինգապուր կատարած այցի ժամանակ եկեղեցին վերաբացվել է: Եկեղեցուն հարակից փողոցը կոչվում է «Արմենիա»:
2018 թ. եկեղեցուն կից իր դռներն է բացել Հայկական ժառանգության ցուցասրահը որը եզակի է Ասիայում և ներկայացնում է հայերի տեղաշարժերը Պարսկաստանից դեպի Հնդկաստան, ապա դեպի Հարավարևելյան Ասիայի տարբեր հատվածներ, ինչպես նաև պատմում է երկրի կյանքին հայ համայնքի մասնակցության մասին:
Ներկայումս Սինգապուրում բնակվում է 80-100 հայ: