Մալայզիա
Հարավարևելյան Ասիայում հայերը բնակություն են հաստատել դեռևս 16-17-րդ դարերից։ Նրանք Մալայզիա են եկել հիմնականում Հնդկաստանից և Հին Ջուղայից, արմատավորվել Մալակկա թերակղզում, Պենանգ նահանգի Ջորջթաուն քաղաքում և շատ կարճ ժամանակում վճռորոշ դեր ունեցել նահանգի տնտեսության, մշակույթի և ճարտարապետության ձևավորման գործում:
1897 թ. Մալայզիայում բնակվել է շուրջ 500 հայ, որոնք կենտրոնացած են եղել Մալակկա թերակղզու Կուալա Լումպուր, Ջորջթաուն և Մալակկա քաղաքներում։ Ներկայում Մալայզիայում բնակվող փոքրաթիվ հայերը հիմնականում Կուալա Լումպուրում են։
2016 թ. մայիսի 28-ին Էմիլ Պետրոսյանի նախաձեռնությամբ այստեղ ստեղծվել է հայկական համայնք, որը համախմբվել է շուրջ 50 հայի։ Բացվել է կիրակնօրյա դպրոց։
2017 թ.` երկար ընդմիջումից հետո առաջին անգամ, Սուրբ Պատարագ է մատուցվել Կուալա Լումպուրի Սուրբ Միքայել հրեշատակապետ եկեղեցում (ռուսական ուղղափառ) Մյանմարի, Սինգապուրի և Դաքքայի հոգևոր հովիվ, Ծայրագույն Արևելքում Նորին Սրբության ներկայացուցիչ Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանի ձեռամբ։ Ներկայում համայնքը սերտորեն համագործակցում է Սինգապուրի, Թայլանդի և Չինաստանի հայկական կառույցների հետ։