Ֆրանսիա
Ֆրանսիայում հայերը հաստատվել են դեռևս վաղ միջնադարից: Համայնքը մեծաքանակ է դարձել հատկապես 1915 թ. հետո։ Ներկայումս այստեղ ապրում է շուրջ 650 հազար հայ:
Հայությունը մեծամասամբ կենտրոնացած է Փարիզում, Լիոնում, Մարսելում և դրանց հարակից քաղաքներում:
Վերջին ժամանակներում հազարավոր հայեր հաստատվել են Ֆրանսիայի հյուսիսարևելյան շրջաններում, որոնց զգալի մասը Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվածներ են:
Կան նաև աշխատանքային միգրանտները և անօրինական բնակվողները, որոնց մասին թվային ստույգ տվյալներ չկան:
Երկրում գործում են մոտ 500 համայնքային կառույց և կազմակերպությունների մասնաճյուղեր, որոնց մի մասն ընդգրկված են 2001 թ. ստեղծված Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի կազմում (ՖՀԿՀԽ/CCAF): 2016 թ. Փարիզում Ֆրանսիա արտագաղթած հայաստանցիների կողմից ստեղծվել է «Հայասսա» ֆեդերացիան, որն իր մեջ ներառում է մոտ 3 տասնյակ կազմակերպություն և ունի իր մարմինները Լիոնում ու Մարսելում:
Ֆրանսիայում գործում է շուրջ 70 հայկական դպրոց, որոնցից 7-ն ամենօրյա է, նաև տասնյակ հայկական եկեղեցիներ, մշակութային տներ, լրատվամիջոցներ, գրադարաններ և այլն:
Ֆրանսահայերը ներգրավված են գրեթե բոլոր ոլորտներում: Շատ են հայտնիները, որոնցից էին աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի Ազգային հերոս Միսաք Մանուշյանը, նկարիչ Ժանսեմը, մեծագույն կոմպոզիտոր Միշել Լեգրանը և այլք: Ֆրանսիայի շատ քաղաքներում փողոցները կրում են Հայաստանի աշխարհագրական վայրերի և նշանավոր հայերի անուններ։
Ֆրանսահայերն առավել ակտիվորեն ներկայացված են մունիցիպալ և նահանգային իշխանություններում. ներկայում Ֆրանսիայի Ազգային ժողովում հայազգի երեք պատգամավոր կա:
Երկրում մեծ թիվ են կազմում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրենք (2001 թ. հունվարի 29):
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2019 թ. ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիր:
Ֆրանսահայ համայնքային կյանքում իր կայուն ազդեցությունն է պահպանում հոգևորականությունը՝ Հայ Առաքելական, Կաթողիկե, Ավետարանական եկեղեցիների և վերջիններիս տարածքային հոգևոր թեմերի ներկայությամբ:
Հայ Առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմը միավորում է Ֆրանսիայի տարբեր քաղաքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ եկեղեցական կառույց, որոնց հոգևոր հովիվներն ակտիվ մասնակցություն ունեն համայնքաշինության և հայապահպանության գործում:
Հայ Առաքելական եկեղեցուն կից գործում է ծխական խորհուրդ, որի կազմում ներգրավված են համայնքային բազմաթիվ գործիչներ: Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդարանը գտնվում է Փարիզի Սբ. Հովհաննես-Մկրտիչ տաճարում, որը կառուցվել է 1902 թ. հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանցի բարերարությամբ:
Հայ Կաթողիկե եկեղեցին ենթակա է Հռոմի կաթողիկե եկեղեցուն և Արևելյան կաթոլիկ եկեղեցիների մաս է կազմում: Նրան կից գործում են ֆրանսահայ մշակութային և կրթական խմբակներ: Հայ Ավետարանական եկեղեցին միավորում է մոտ մեկ տասնյակ եկեղեցիներ Ֆրանսիայի տարբեր շրջաններում և ակտիվ գործունեություն է ծավալում երկրում: