Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում (ՀԱՀ) առաջին հայերը հաստատվել են 1894-1896 թթ.` Համիդյան ջարդերից հետո։ Տեղաբնակների վկայությամբ` Լեեու գետի «Արմենիա» անվանմամբ ամբարտակի կառուցման վայրի սեփականատերը հայ է եղել:
1970 թ. ստեղծվել է Հարավային Աֆրիկայի հայկական ընկերությունը, որին կից գործել են կիրակնօրյա դպրոցը (դասավանդվում էր հայոց լեզու, պատմություն և երգեցողություն), ազգային պարերի և այլ խմբակներ:
Վերջին տվյալներով՝ ներկայումս ՀԱՀ-ում բնակվում է շուրջ 350 հայ՝ հիմնականում Յոհաննեսբուրգում: Սվատինի քաղաքում (նախկինում՝ Սվազիլենդ) գործում է հայկական առաքելական 1 եկեղեցի: ՀԱՀ-ում մինչև վերջին տարիները գործում էր նաև ՀԲԸՄ-ի մասնաճյուղը:
Հայկական համայնքն ակտիվ մասնակցություն է ունեցել 1990-ականների սկզբին Յոհաննեսբուրգում անցկացված Հարավային Աֆրիկայում բնակվող ազգությունների փառատոնին, 1992-ին հայկական ցուցափեղկը ճանաչվել է լավագույնը։
Յոհաննեսբուրգում գործում է Հոլոքոստի և ցեղասպանության կենտրոնը, որտեղ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:
Վերջին տարիներին գործում է «Հարավային Աֆրիկայի հայ երիտասարդություն» միակ կազմակերպությունը: