Թուրքիա
Հայությունը մեծ ավանդ է ունեցել Օսմանյան կայսրության հասարակական, մշակութային կյանքում, տվել բազմաթիվ հայտնի անուններ: Հայերը զբաղեցրել են թուրքական արքունիքի պետական կարևոր պաշտոնները, եղել են օսմանյան կառավարության նախարարներ, օսմանյան խորհրդարանի (մեջլիս) երեսփոխաններ: Հայտնի ընտանիքներից Տյուզյանները ժառանգաբար վարել են ոսկերչությունն ու դրամահատությունը, Տատյանները՝ վառոդագործությունը, Պալյանները՝ ճարտարապետությունը և այլն:
Թուրքիայում առաջին թատրոնը հիմնել է Հակոբ Վարդովյանը, օպերան և օպերետը՝ Տիգրան Չուխաճյանը, առաջին նվագախումբը` Գրիգոր Սինանյանը, առաջին քանդակագործն ու գեղարվեստական վարժարանի հիմնադիրը եղել է Երվանդ Ոսկանը: Սուլթանների պալատական նկարիչներն են եղել Մանասե ընտանիքի անդամները (եղել են նաև առաջին դիմանկարիչները թուրքական արվեստում), Աբդուլլահների հայ ընտանիքը սկզբնավորել է լուսանկարչությունը:
Ընդհանուր մաքսային ծառայության վերահսկողությունը 19-րդ դ. սկզբին հանձնված էր Տյուզյան Հովհաննես չելեբիին, ապա Ճեզայիրլյան Մկրտիչ ամիրային, բանակի հացի մատակարարումը՝ Նորատունկյաններին: Թուրքիայում շերամաբուծությունը գիտական զարգացման հիմքի վրա է դրել Գ. Թորգոմյանը, որը հիմնել է Բրուսայի շերամաբուծական վարժարանը:
Հայերը մեծ ներդրում ունեն Թուրքիայի բժշկության պատմության մեջ. Ամիրդովլաթ Ամասիացին (15-րդ դ.) եղել է սուլթան Մեհմեդ II Ֆաթիհի (1451-1481) պալատական բժիշկը (կրել է «մեծ բժշկապետ» տիտղոսը): Թուրքական բանակում ծառայած 10 հայ բժիշկներ արժանացել են փաշայի տիտղոսի: Արքունի բժիշկներ են եղել նաև Շուշանյանները, արքունի բժշկական համալսարանում են դասախոսել Սերվիչենը (Սերովբե Վիչենյան), Նիկողայոս Ռուսինյանը, Խնդամյանը, Անդրանիկ բեյ Կռճիկյանը, Ստեփան փաշա Ասլանյանը:
Պողոս Արապյանը թուրքական տպագրության համար ստեղծել է նոր տառատեսակներ (կոչվել են «արապօղլու»), Հովհաննես Մյուհենտիսյանի ստեղծած տառերը հեղաշրջում են առաջացրել թուրքական տպագրական արվեստում: Թուրքերենի առաջին արմատական բառարանը կազմել է Պետրոս Քերեսթեջյանը: Լեզվաբանության մեջ մեծ դեր է խաղացել Հակոբ Մարթայանը (Դիլաչար): Թուրքիայում բալետի առաջին պարողը եղել է Միհրան Էբեյանը: Մեծ համբավ է ունեցել լուսանկարիչ Արա Գյուլերը՝ «Ստամբուլի աչքը»:
Օսմանյան կայսրությունում բարձր մակարդակի վրա է գտնվել նաև հայկական սպորտը:
Թուրքիայում են ապրել և ստեղծագործել հայ գրականության բազմաթիվ նշանավոր դեմքեր: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գործել են նաև հայ ազգային կուսակցությունները:
Թուրքիայում ընդհանուր առմամբ գործել է ավելի քան 30 հայկական տպարան: Առաջին հայկական տպարանը հիմնվել է 1567 թ. Աբգար Թոխաթեցու կողմից: Առաջին հայկական պարբերականը՝ «Լրո գիրը», լույս է տեսել 1832 թ., Կ. Պոլսում:
Դարեր շարունակ հայերը հալածանքների են ենթարկվել Թուրքիայում (Օսմանյան կայսրությունում): 1894-1896 թթ. Աբդուլ Համիդ II-ի օրոք Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպված հայերի զանգվածային ջարդերի հետևանքով սպանվել է շուրջ 300 հազար հայ, մոտ այդքանն էլ տարագրվել է, բռնի մահմեդականացվել 100 հազարը: 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության ողջ տարածքում իրականացվել է երիտթուրքական կառավարության կողմից նախապես ծրագրված Հայոց ցեղասպանությունը, որին զոհ է գնացել 1,5 մլն հայ, մոտ 800 հազարը դարձել է փախստական և ապաստան գտել տարբեր երկրներում:
Ներկայումս Թուրքիայում՝ հիմնականում Պոլսում, բնակվում է շուրջ 70 հազար հայ, կան նաև միլիոնավոր համշենահայեր, իսլամացված և ծպտյալ հայեր: Ըստ տարբեր աղբյուրների` հայեր կան նաև Մալաթիայում, Սվազում (Սեբաստիայում), Կայսերիում (Կեսարիայում), Անկարայում, Իսքենդերունում, Անթաքյայում, Ադանայում և Էլյազիգում (Խարբերդ):
Օսմանյան կայսրությունում հայերը դիտվել են որպես կրոնական համայնք: 1461 թ. հիմնադրվել է Պոլսո Հայոց Պատրիարքությունը, որը մինչև օրս ունեցել է 85 գահակալ՝ պատրիարք: Պատրիարքությունը եղել է կայսրության առաքելադավան հայության հոգևոր և ազգային կենտրոնն ու կառավարման կարևոր կառույցը: Ազգային-կրոնական հարցերը կարգավորելու համար 1860 թ. Կ. Պոլսի պատրիարքարանն ընդունել է Ազգային սահմանադրությունը, որը զգալի կրճատումներով սուլթանական կառավարությունը հաստատել է միայն 1863 թ. (ուներ 99 հոդված): Ազգային սահմանադրության գործողությունը դադարեցվել է 1915 թ., թեև նրա որոշ դրույթներ այժմ էլ գործածվում են Կ. Պոլսի Հայոց պատրիարքության և հայ համայնքի հարաբերությունները պետության հետ կանոնակարգելու նպատակով:
17-րդ դարի սկզբին Պատրիարքությանն են պատկանել Օսմանյան կայսրության տարածքում գոյություն ունեցող բոլոր առաքելական վանքերն ու եկեղեցիները: 18-րդ դարի վերջին Պատրիարքությունն ունեցել է 20, 19-րդ դարի 30-ական թթ.՝ 36, իսկ 20-րդ դարի սկզբին՝ 43 վիճակ (1181 եկեղեցի և 132 վանք): Այսօր Պոլսո Պատրիարքության իրավասության տակ է գտնվում ընդհանուր առմամբ 43 եկեղեցի, որոնցից 42-ը` Թուրքիայում, մեկը` Կրետե կղզում: Թուրքիայում 42 հայկական եկեղեցիներից 6-ը գտնվում են Ստամբուլից դուրս` Կեսարիայում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Դիարբեքիրում` Սուրբ Կիրակոս, Մարդին-Դերիքում` Սուրբ Գևորգ, Իսքենդերունում` Սուրբ Քառասուն մանկանց, Քըրըքհանում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (կիսականգուն) և Սամանդաղ Վաքըֆլըում` Սուրբ Աստվածածին:
Թուրքիայում ընդհանուր առմամբ գործում է 57 հայկական եկեղեցի (43-ը՝ առաքելական, 12-ը՝ կաթոլիկ և 2-ը՝ ավետարանական):
Միակ գյուղը, որը բնակեցված է առաքելադավան հայերով, Հաթայի (նախկին Ալեքսանդրեթի սանջաք) Վաքըֆլը գյուղն է:
Այսօր Թուրքիայում ապրում է շուրջ 3500 հայ կաթոլիկ, կան նաև Ավետարանական եկեղեցու հետևորդներ՝ շուրջ 500 անդամ: Ավետարանական եկեղեցին վերջին տարիներին, առանց դժվարության, մկրտում է իսլամից հրաժարված և քրիստոնեություն ընդունել ցանկացող հայերին, որոնց հստակ թիվը հայտնի չէ:
Հայկական համայնքի առջև ծառացած են մի շարք խնդիրներ, որոնցից են լեզվի, հայկական դպրոցների փակման, խառնամուսնությունների, համայնքային տարբեր իրավական խնդիրները: Ցավալիորեն փոքրանում է մայրենին օգտագործողների թիվը: Թուրքիայում 1927-1965 թթ. անցկացված 7 մարդահամարները ցույց են տալիս հայերենը որպես մայրենի լեզու նշողների թվի անկում. եթե 1927 թ. 67754-ն էր հայախոս, ապա 1965-ին` 33094-ը: Ըստ 2010 թ. Ստամբուլի հայ համայնքում կատարված հետազոտության` հայերեն կիրառել է համայնքի ընդամենը 18 տոկոսը:
Հայկական առաջին կանոնավոր դպրոցը հիմնվել է 1715 թ., Կ. Պոլսում: 19-րդ դարի վերջին Ստամբուլում եղել է շուրջ 90 հայկական դպրոց, որոնցից 40-ը` թաղային, 50-ը` մասնավոր, իսկ արդեն 1914 թ. գործել է 64 հայկական դպրոց՝ 25 հազար աշակերտով: Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առաջին տարում` 1923 թ., Ստամբուլում եղել է 47, 1972-1973 թթ.՝ 32, 1999-2000 թթ.` 18, իսկ այսօր` 17 հայկական դպրոց: Ստամբուլում գործում են երկու հայկական հիվանդանոցներ` Սուրբ Փրկիչ (պատկանում է առաքելական համայնքին, հիմնվել է 1832-1833 թթ., գործունեությունը սկսել է 1934 թ.-ից) և Սուրբ Հակոբ (պատկանում է կաթոլիկ համայնքին, հիմնվել է 1836-1837 թթ.):
Ըստ պատմական տվյալների՝ Հայ առաքելական համայնքն ունեցել է 23 գերեզմանատուն, որոնցից ներկայում գործում է 16-ը, իսկ 7-ը (Ալեմդաղ, Բեշիկթաշ, Բեյքոզ, Դավութփաշա, Քարթալ, Բանկալթի, Էյուփ) վաղուց ավերված են:
Գործում է ծերանոց, մանկատուն, համայնքային կազմակերպություններ, միություններ և հիմնարկներ: Հայկական համայնքային կյանքը լուսաբանելու համար կարևոր նշանակություն ունեն «Մարմարա», «Ժամանակ», «Ակօս» թերթերը, «Սուրբ Փրկիչ» ամսաթերթը, գործում են նաև այլ` տեղեկատվական, ժամանցային, մանկական թերթեր («Լրաբեր», «Շողակաթ» հանդես, «Ժպիտ» մանկական հանդես, «Փարոս» ամսաթերթ, «Լոյս» երկշաբաթաթերթ):
1915 թ. թուրքական մեջլիսն ունեցել է հայազգի 7 պատգամավոր (Գրիգոր Զոհրապ, Հովհաննես Վարդգես Սերենգյուլյան, Նազարեթ Տաղավարյան, Կարապետ Փաշայան, Օնիկ Դերձակյան (Արշակ Վռամյան), Պետրոս Հալաճյան և Համբարձում Բոյաջյան): 2015 թ. խորհրդարանական ընտրություններում 3 հայեր ընտրվել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր (Սելինա Դողան, Կարո Փայլան, Մարգար Եսայան):
2018 թ. հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններում թուրքական մեջլիսի պատգամավորներ են դարձել հայազգի 2 գործիչ` Կարո Փայլանը և Մարգար Եսայանը: