Քաթար
20-րդ դարի վերջերին տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակն առիթ հանդիսացավ, որ որոշ հայեր հաստատվեն Քաթարում: Այնտեղ հայերի համար աշխատելու նպաստավոր պայմաններ կային:
Մինչև 2001 թ. Քաթարում կազմակերպված համայնքային կյանք գոյություն չուներ: Վերջին տարիներին հայերի թիվն արագորեն սկսեց ավելանալ և արդեն պահանջ առաջացավ կազմակերպված համայնք ունենալու:
Քաթարի հայ համայնքը համալրվեց հիմնականում Լիբանանից, Սիրիայից և Հորդանանից տեղափոխված հայերով:
Վերջին 10 տարվա ընթացքում Քաթարի տնտեսական արագ զարգացման և շինարարական հսկայական ծրագրերի իրականացման արդյունքում արագ թափով ավելանում է նաև այնտեղ ապրող հայերի թիվը: Այժմ նրանց թիվը կազմում է մոտ 500-600, որոնք աշխատում են մասնավոր տարբեր կառույցներում և ներգրավված են հիմնականում ինժեներաշինարարական, ճարտարագիտական և տնտեսագիտական ոլորտներում:
Գործարար շրջանակներում հաջողությունների հասած հայ գործարարներն իրենց մշտական աջակցությամբ և օժանդակությամբ նպաստում են համայնքային կյանքն առավել ակտիվ դարձնելուն:
Քաթարի համայնքն ընդգրկված է Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմի մեջ, որը ենթակա է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Գործում է Քաթարի Ազգային վարչությունը, մեկօրյա Մեսրոպյան վարժարանը՝ լիբանանահայ համայնքի դպրոցական ծրագրերով: Շաբաթական 1 օր 2 ժամ տևողությամբ դասավանդվում է հայոց լեզու, պատմություն և կրոն: