Կիպրոս
Կիպրոսում հայերը հաստատվել են դեռևս 6-րդ դարում, երբ հազարավոր հայեր արտաքսվեցին Կիպրոս բյուզանդացիների կողմից, նպաստելով հայկական առաջին համայնքներից մեկի ստեղծմանը, որը գտնվում էր հայերի պատմական հողերից դուրս՝ կղզու վրա։ Հայ ազնվականներն ու զինվորները բնակություն հաստատեցին կղզում Խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ Կիպրոսի և Կիլիկիայի թագավորությունները կառավարում էր Լուսինյանների տոհմը։ Հայ-Կիպրոսական հարաբերությունները շարունակվեցին բյուզանդական, լատինական, օսմանյան և բրիտանական իշխանությունների ժամանակաշրջաններում։ Հայոց ցեղասպանությունից 10.000 փրկվածներ 1915 թվականից բնակություն հաստատեցին Կիպրոսում։ 20-րդ դարում նրանց մի մասը արտագաղթեց այլ երկրներ, մասնավորապես Մեծ Բրիտանիա (Լոնդոն)։
Ներկայումս հայության թվաքանակը երկրում շուրջ 3500-4000 է: Հայաշատ քաղաքներն են Նիկոսիան, Լառնական և Լիմասոլը:
Երկրում ակտիվ գործում են նաև համայնքային կառույցներ: Հայերը՝ որպես Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ, լիովին ինտեգրված են հասարակությանը և ակտիվ մասնակցություն ունեն հատկապես երկրի հասարակական-քաղաքական կյանքում։
Կիպրոսում՝ խորհրդարանում, հայ համայնքն ունի իր ներկայացուցիչը, որը, սակայն, խորհրդարանի նիստերին մասնակցում է՝ առանց քվեարկելու իրավունքի:
Հայերի շրջանում շատ են ձեռնարկատերերը, բժիշկները, փաստաբաններն ու արվեստագետները: Գործում են տասնյակ հայկական կառույցներ, այդ թվում՝ լրատվամիջոցներ, հայկական ակումբներ, մշակույթի տուն, ամենօրյա դպրոց՝ իր երեք մասնաճյուղերով (Նիկոսիա, Լառնակա և Լիմասոլ) և այլն:
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշում (1982թ.), 2015 թ. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ օրենք:
Կիպրոսում հայերը համարվում են կրոնական փոքրամասնություն:
Կիպրոսում գործում է միայն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմը: Նշանավոր է 560 թ. կառուցված Ս. Մակարի վանքը, որը միջնադարում եղել է հայ մշակութային կենտրոն և պահպանվել է մինչև մեր օրերը, սակայն ներկայում չի գործում և ծառայում է որպես ուխտագնացության վայր:
Այժմ Կիպրոսում առկա են Նիկոսիայի Ս. Մարիամ Աստվածածին (առաջնորդանիստ եկեղեցի), Լիմասոլի Ս. Գևորգ, Լառնակայի Ս. Ստեփանոս եկեղեցիները, Ս. Մակարի վանքը (չի գործում), Ֆամագուստայի «Կանչվոր» եկեղեցին (չի գործում), Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին (չի գործում), Նիկոսիայի Ս. Ամենափրկիչ մատուռը, ինչպես նաև Կիպրոսի մայրաքաղաքի՝ թուրքերի կողմից գրավված մասում գտնվող Հայ ավետարանական եկեղեցին (չի գործում):