Հունգարիա
Հունգարիայում հայերի առաջին խմբերը հաստատվել են միջնադարում։
Ներկայումս Հունգարիայում բնակվում է շուրջ 3800 հայ, որոնց մի մասը 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո եկածների ժառանգներն են, իսկ մյուս մասը՝ Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվածները:
Հայության մեծ մասը կենտրոնացված է Բուդապեշտում և Վեսպրեմում: Համայնքում շատ են մտավորականները, հատկապես՝ բժիշկները, իրավաբանները և արվեստի գործիչները: Երկրում կան համայնքային կառույցներ, այդ թվում՝ լրատվամիջոցներ և մեկօրյա դպրոց:
Հունգարահայերը կարևոր դերակատարություն են ունեցել Հունգարիայի պատմության մեջ: Նրանց գործուն աջակցությամբ՝ 1686 թ. Բուդա մայրաքաղաքն ազատագրվել է թուրքերից: Հայերն Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում ակտիվորեն մասնակցել են նաև Հունգարիայի ազատագրմանը։
Հունգարիայի հայկական ինքնավարությունը պետության առջև պաշտոնապես ներկայացնում է համայնքը:
Հայերը Հունգարիայում համարվում են ազգային փոքրամասնություն, որն իր ազգային կյանքը կազմակերպելու համար աջակցություն է ստանում պետությունից:
Հայ համայնքն ունի նաև իր ներկայացուցիչը երկրի օրենսդիր մարմնում, ով ներկայացվում է Հունգարիայի հայկական ինքնավարության կողմից:
Ըստ որոշ աղբյուրների՝ Հունգարիայի տարածքում հայկական եկեղեցիներ կառուցվել են դեռևս 11-14-րդ դարերում։ Տասնամյակներ շարունակ՝ մինչև 1935 թ., հունգարահայ համայնքի հոգևոր կարիքները հոգացել են Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերը, այնուհետև` Վիեննայի մխիթարյանները:
1920-ական թթ. տեղի է ունեցել Տրանսիլվանիայի հայերի (հիմնականում կաթոլիկ և ոչ հայախոս) զանգվածային հոսք դեպի Բուդապեշտ, որտեղ նրանք տարբեր շրջաններում կառուցել են մատուռներ, հիմնել Հունգարիայի Հայ կաթողիկե եկեղեցական խորհուրդը: Բուդապեշտի Օռլա թաղամասում վարձակալել են մի շենք, որը ծառայել է որպես եկեղեցի: 1960-ական թթ. հայ համայնքը դրամահավաքով գնել է այդ շենքը, որին կից 1972 թ. կառուցվել է մատուռ, ներկայում այն չի գործում: