Լատվիա
Լատվիայում հայերը հաստատվել են 19-րդ դարում և այդ ընթացքում հիմնականում զբաղվել են առևտրով:
Հայության թվաքանակն աճել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ բազմաթիվ հայ զինվորականներ բնակություն են հաստատել երկրում:
Հայկական համայնքը ձևավորվել է 1980-ական թվականներին: Ներկայումս Լատվիայում բնակվում է շուրջ 2800 հայ, ովքեր հաստատված են հիմնականում Ռիգայում, Լիեպայայում, Յուրմալայում, Ելգավայում, Վենտսպիլսում և Դաուգավպիլսում։
Լատվիայում հայ համայնքը համարվում է ազգային փոքրամասնություն:
Երկրում գործում են մի քանի հայկական կառույցներ, այդ թվում՝ լրատվամիջոցներ, հայկական մեկօրյա դպրոց և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Ռիգայի քաղաքապետարանը եկեղեցի կառուցելու համար համայնքին հատկացրել էր հողատարածք, որտեղ կառուցվել է եկեղեցու շենքը, և 2011 թ. հունիսին կատարվել է եկեղեցու օծման արարողությունը:
1993 թ. հունիսին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի ներքո գրանցվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ռիգայի համայնքը:
Լատվիայում հայերի մի մասն ակտիվ գործունեություն է ծավալում հատկապես ռեստորանային բիզնեսի և մշակույթի ոլորտներում: