Նիդերլանդներ
Նիդերլանդների հայ համայնքը ձևավորվել է 16-17-րդ դարերում: Ներկայիս համայնքի գերակշիռ մեծամասնությունը 1950-ական թվականներից, ինչպես նաև վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունից տեղափոխված հայերն են` շուրջ 40,000 մարդ:
Նիդերլանդներում ամենամեծ հայ համայնքը Ալմելոյում է, երկրորդը՝ Ամստերդամում: Համեմատաբար ավելի փոքր համայնքներ կան Մաաստրիխտում, Ռոտերդամում, Էյնդհովենում, Հաագայում, Նայմեխենում, Դեն Բոսում, Աասենում, Առնհեմում, Ռոսենդալում, Մայդրեխտում, Ալկմարում, Պուրմերենդում, Օստբուրխում, Հերհուխովարդում, Վեստերֆորտում և Ուտրեխտում:
Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են հայկական կազմակերպությունները և եկեղեցին ։ Գործում են տասնյակ հայկական կառույցներ, այդ թվում` կրթամշակութային կազմակերպություններ, պատանեկան սկաուտական ջոկատներ, մարզական խմբեր, կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ:
Հայերը հիմնականում ընդգրկված են շոու-բիզնեսի, արդյունաբերության, առևտրի, առողջապահության և տարբեր ոլորտների սպասարկման ճյուղերում:
Նիդերլանդների հայ համայնքը չունի իրավական որևէ հատուկ կարգավիճակ:
Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև (2004 թ.): Ալմելո քաղաքում 2014 թ. բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Եվրոպայի ամենամեծ հուշահամալիրը:
Նիդերլանդներում՝ Ամստերդամում, Ալմելոյում, Մաաստրիխտում և Դեն Բոսում գործում է միայն Հայ Առաքելական եկեղեցին։
Հայկական եկեղեցին այստեղ կառուցվել է դեռևս 18-րդ դարի սկզբին, երբ 1714 թ. Ամստերդամի քաղաքային իշխանությունները հայերին թույլատրել են եկեղեցի կառուցել: Հայերի թվաքանակի նվազման պատճառով 1828 թ. եկեղեցին վաճառվել է կաթոլիկ միաբանությանը, որն էլ այն վերածել է դպրոցի: 1987 թ. ՀԲԸՄ-ի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և այլ բարերարների նվիրատվություններով Ամստերդամի հայ համայնքը հետ է գնել եկեղեցու շենքը, որից հետո նույն թվականի նոյեմբերին կատարվել է եկեղեցու վերաօծման արարողությունը և կազմավորվել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Հոլանդիայի հոգևոր հովվությունը՝ ընդգրկվելով Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության կազմում:
Նիդերլանդներում կա նաև հայ ավետարանական փոքր համայնք:
Հայ համայնքի համախմբման գործում զգալի դերակատարություն ունի «Նիդերլանդական Օրագիր» էլեկտրոնային կայք-թերթը, որը լուսաբանում է Հոլանդիայի և ընդհանրապես հոլանդահայ համայնքներում տեղի ունեցող իրադարձությունները: Այն անկախ է և
չի ֆինանսավորվում որևէ կառույցի կողմից, սեփական թիմի ուժերով փորձում է միավորել նիդերլանդահայության ջանքերը՝ հանդես գալով միասնական լրատվությամբ՝ ի մի բերելով հոլանդահայերի կատարած դրական աշխատանքները: