Լեհաստան
Լեհաստանում հայերը հաստատվել են 14-րդ դարից։ Նրանց մեծամասնությունն այստեղ ձուլվել է մինչև 17-րդ դարի վերջը, մի մասը մինչ օրս կարողացել է պահպանել իր ազգային ինքնությունը:
Ներկայումս հայերի թվաքանակը շուրջ 40000 է, մեծ մասը Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվածներն են: Նրանք հիմնականում բնակվում են Վարշավայում, Կրակովում, Գլիվիցեում, Լոձում, Էլբլոնգում, Վրոցլավում և Գդանսկում:
Լեհաստանում հայերն ազգային փոքրամասնություն են համարվում:
Հայերի մի մասն ակտիվ ներգրավված է շինարարության, տրանսպորտի, առևտրի, ֆինանսների, ինչպես նաև գիտության և մշակույթի բնագավառներում:
Երկրում գործում են տասնյակ համայնքային կառույցներ, այդ թվում` մեկօրյա դպրոցներ:
Լեհաստանում գործում է նաև Կառավարության ազգային և էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողով, որտեղ ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ հայերը, ունեն իրենց ներկայացուցիչը, որի միջոցով համայնքին վերաբերող բոլոր տեսակի խնդիրներն ու հարցերը կարող են ներկայացվել պետական գերատեսչությունների քննարկմանը:
Լեհաստանի Սեյմն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշում (2005 թ.):
2017 թ. հոկտեմբերի 19-ին Լեհաստանի Հանրապետության Սենատն ընդունել է բանաձև Լեհաստանում հայերին տրված առաջին արտոնության 650-ամյակի առթիվ, որում Սենատը շնորհակալություն է հայտնում հայերի՝ լեհական մշակույթում իրենց կարևոր ներդրման և Լեհաստանի պատմության մեջ ստեղծագործական ներկայության համար:
Լեհաստանի նախագահը 2017 թ. մարտի 29-ին լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակի առթիվ նախագահական պալատում Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպել էր հատուկ ընդունելություն՝ նշանավորելով և կարևորելով հայերի դերակատարությունը Լեհաստանի պատմության մեջ և շնորհակալություն հայտնելով երկրի զարգացման գործում ունեցած ահռելի ներդրման համար:
Լեհաստանի տարածքում կա ընդամենը մեկ հայկական եկեղեցի՝ Գլիվիցեի Հայ կաթողիկե Սուրբ Երրորդություն եկեղեցին: Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին Լեհաստանի տարածքում եկեղեցական շինություն չունի: Հայ առաքելական եկեղեցու հիմնական հետևորդները Հայաստանից ժամանած հայերն են: