Շվեդիա
Շվեդիայում հայկական համայնքներ ձևավորվել են 20-րդ դարի 50-70-ական թվականներից սկսած: Հայերի մեծ մասը գաղթել է Լիբանանից, Սիրիայից, Իրանից և Թուրքիայի արևելյան հատվածներից: Հետագա տարիներին հայերի հոսքը Շվեդիա շարունակվել է հատկապես Իրանից, իսկ վերջին երկու տասնամյակներում հազարավոր հայեր եկել են Հայաստանից և Սիրիայից:
Երկրում հայերի թվաքանակի ստվարացմանը զուգընթաց` սկսել է ձևավորվել համայնքի ազգային կյանքը: 1974 թ. Ստոկհոլմում հիմնվել է շվեդահայ առաջին կազմակերպությունը` Հայ մշակութային միությունը: Նույն ժամանակաշրջանում Շվեդիայում աշխուժացել է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը:
Ներկայում հայերի թիվը շուրջ 13000 է: Ամենամեծ համայնքը Ստոկհոլմում և նրա արվարձաններում է, որտեղ բնակվում է շուրջ 3.5 հազար հայ, երկրորդը՝ Ուփսալայում՝ շուրջ 2 հազար: Հայաշատ քաղաքներից են նաև Վեստերոսը, Սյոդերթեյլը, Գոտեբուրգը, Օրեբրուն և Մալմյոն:
Հայկական կառույցների զգալի մասը համախմբված է 1991 թ. հիմնված Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի ներքո:
Շվեդիայի հայ համայնքը ներկայացված է թե՛ որպես ազգային փոքրամասնություն, թե՛ որպես կրոնական համայնք։ Երկրում գործում են մի շարք համայնքային կառույցներ, այդ թվում` եկեղեցի, դպրոցներ:
Հայ եկեղեցական վարչությունն իր մասնաճյուղերն ունի մի շարք քաղաքներում:
Շվեդիայում ակտիվ գործունեություն է ծավալում Հայ Առաքելական եկեղեցին: Շվեդիայի հայաշատ համայնքներում հիմնվել են եկեղեցական խորհուրդներ, իսկ 2014 թ. սեպտեմբերին Սյոդերթելյի հայ համայնքը ձեռք է բերել Շվեդիայում և Սկանդինավիայում առաջին հայկական եկեղեցին, որը 2015 թ. հոկտեմբերի 24-ին օծվել և վերանվանվել է Սբ. Մարիամ Աստվածածնի անունով։
Հայ Կաթողիկե եկեղեցին ընդգրկված է Շվեդիայի կաթողիկե հովվության մեջ, ունի քիչ թվով անդամներ, սակայն նույնպես ակտիվ մասնակցություն է ունենում համայնքային կյանքում։ Գործում է Հայ Կաթողիկե համայնքի եկեղեցական խորհուրդը, որը գտնվում է Ստոկհոլմում։
Հայերի շրջանում շատ են տրանսպորտի և առևտրի ոլորտներում ընդգրկված մարդիկ:
Շվեդիայի Ռիքստագն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև (2010 թ.):