Շվեյցարիա
Շվեյցարիայում հայերի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 19-րդ դարին, երբ բազմաթիվ հայ երիտասարդներ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնել են Շվեյցարիա:
1887 թ. Ժնևում մի խումբ հայ ուսանողներ (nրանցից մեկը հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, գրող Ավետիս Նազարբեկյանն էր) հիմնեցին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը:
Հայկական համայնքը սկսել է ձևավորվել Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի համախմբումով: Ներկայում երկրում ապրում է շուրջ 5000 հայ՝ հիմնականում Ժնևում, Ցյուրիխում, Ֆրիբուրգում, Բեռնում, Նյուշատելում, Օբերենտֆելդենում, Տեսսինում:
Հայությունը մեծամասամբ ներգրավված է գյուղատնտեսության, առևտրի, առողջապահության, ֆինանսների, մշակույթի և ժամագործության ոլորտներում:
Գործում են տասնյակ հայկական կառույցներ, այդ թվում` եկեղեցի, դպրոցներ, մշակութային խմբեր և թերթ:
Շվեյցարիայի հայ համայնքը չունի իրավական որևէ հատուկ կարգավիճակ:
Շվեյցարիայի Ազգային խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրենք, համաձայն որի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար քրեական պատիժ է սահմանվում (2003 թ.):
Շվեյցարահայ հոգևոր համայնքը կազմավորվել է 1960-ական թթ.։ 1969 թ. ստեղծվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի հոգևոր հովվությունը, նույն թվականին Ժնևում կառուցվել է Ս. Հակոբ եկեղեցին:
1992 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա. Պալճյանի կոնդակով ստեղծվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շվեյցարիայի թեմը: Հոգևոր միավորները գտնվում են Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության իրավասության ներքո:
Հայ Ավետարանական և Կաթողիկե եկեղեցիներ Շվեյցարիայում չեն գործում: