Մեծ Բրիտանիա
Ըստ անգլիացի պատմաբան Անտոնիա Գրանսդենի՝ հայկական ներկայությունը Միացյալ Թագավորությունում նկատվել է 13-րդ դարից սկսած:
17-րդ դարում Հնդկաստանի Կալկաթա քաղաքում առևտրային գործունեությամբ զբաղվող հայ առևտրականները դարձել են Կալկաթա-Մերձավոր Արևելք-Իտալիա-Մանչեստր ճանապարհի հիմնական արևտրային դերակատարները: Արդյունքում հայ առևտրականները 1688 թվականին թագավորական խարտիայով ստացել են ազատ քաղաքացու կարգավիճակ:
1860-ական թվականներին Մանչեստրում ձևավորվել է շուրջ 30 հոգանոց փոքրիկ համայնք: 1869 թվականին համայնքը ձեռք է բերել հողակտոր: Սկսվել է Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու կառուցումը, որն ավարտվել և օծվել է 1870 թվականին:
1920-ական թվականներին Լոնդոնում ձևավորվել է շուրջ 1000 հոգուց բաղկացած հայ համայնքը: Համայնքի և գործարար, բարերար Գալուստ Գյուլբենկյանի ջանքերով Քենսինգտոնում 1923 թվականին հիմնվել է հայկական եկեղեցի:
1988-ին բարերարներ Վաչե և Թամար Մանուկյանները հիմնել են Սուրբ Պետրոս Անգլիկան եկեղեցին (փակվել է 1973 թվականին) և 2001 թվականին հիմնովին վերանորոգել Լոնդոնի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Եղիշեն:
Այսօր հայ համայնքը մեծամասամբ կենտրոնացած է Լոնդոնում և Մանչեստրում, առկա են փոքրիկ համայնքներ Քարդիֆում և Բիրմինգհեմում: 2001 թվականին անցկացված հետազոտության արդյունքներով՝ համայնքը շուրջ 20000 հայերից է բաղկացած, որում մաս են կազմում ոչ միայն Մանչեստրում հաստատված հայ առևտրականների սերունդները, այլև Հայոց ցեղասպանությունից փրկվածները, Իրանից, Հնդկաստանից, Կիպրոսից, Խորհրդային Միության փլուզումից հետո նաև Հայաստանից տեղափոխվածները:
Երկրում գործում են տասնյակ հայկական համայնքային, քաղաքական, բարեգործական կազմակերպություններ, կիրակնօրյա դպրոցներ, ակադեմիական կառույցներ, ուսանողական միություններ, պարի խմբակներ, լրատվամիջոցներ և այլն:
Հայերը մեծ ներդրում են ունեցել Միացյալ Թագավորության գիտության զարգացման գործում: Հայտնի բրիտանահայերից է վիրաբույժ, գիտնական և Լորդերի պալատի անդամ Արա Դարզին:
Միացյալ Թագավորության հայ համայնքը հատուկ կարգավիճակ չունի:
2002 թվականին Ուելսի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: