Ավստրիա
Ավստրիայում հայեր բնակվել են դեռևս միջին դարերից, սակայն հայ համայնքը ձևավորվել է 17-18-րդ դարերում: 1683 թ. թուրքերի դեմ Վիեննայի մատույցներում տարած հաղթական ճակատամարտում ավստրիացիներին օգնության հասած Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկու զորքերի կազմում եղել է լեհահայերի ջոկատ, որն աչքի է ընկել մարտում:
17-րդ դարի վերջին Վիեննայում է ապրել հայազգի Հովհաննես Աստվածատուրն, ով համարվում է Վիեննայում առաջին սրճարանի (1685թ.) հիմնադիրը:
Ներկայիս համայնքը ձևավորվել է հիմնականում Հայոց ցեղասպանությունից և 1950-ականներից հետո, այնուհետև վերջին երկու տասնամյակում համալրվել է Հայաստանից և նախկին ԽՍՀՄ այլ երկրներից եկած հայերով: Այսօր հայերի թվաքանակը շուրջ 7 հազար է, ովքեր մեծամասամբ կենտրոնացած են Վիեննայում: Փոքր համայնքներ կան նաև Գրացում, Զալցբուրգում, Իննսբրուկում և Ֆորարլբերգում:
Գործում են տասնյակ հայկական կառույցներ, այդ թվում` եկեղեցիներ և մեկօրյա դպրոցներ: Հայերի շրջանում մեծ թիվ են կազմում մշակութային գործիչները:
Ավստրիայի Հանրապետության պառլամենտը հայտարարություն է ընդունել Օսմանյան Կայսրությունում հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու վերաբերյալ (2015 թ.):
Դեռևս 19-րդ դարի սկզբին` Վիեննայում Մխիթարյանների հաստատումից հետո, գրանցվել է Հայ Կաթողիկե համայնքը: Մխիթարյան միաբանությանն է պատկանում Վիեննայի կենտրոնում գտնվող Հայ Կաթողիկե եկեղեցին (նախկինում եղել է ֆրանցիսկանյան եկեղեցի), որը նրանց է նվիրել Ֆրանցիսկոս Ա կայսրը:
Իր ազդեցիկության և մշակութային արժեքների կենտրոնացվածության տեսանկյունից Իտալիայից ու Լիբանանից հետո այն համարվում էր ամենախոշորը։ 2011թ. նշվել է Վիեննայի կաթողիկե եկեղեցու և միաբանության 200-ամյակը: Ներկայում միաբանության մատենադարանում պահվում են շուրջ 3000 հայերեն ձեռագրեր, ինչպես նաև հայ մամուլի, հայկական մետաղադրամների, հայ նկարիչների հարուստ հավաքածուներ:
Այսօրվա Վիեննայի Մխիթարյան միաբանության մեջ ծառայում է շուրջ 10 հոգևորական, իսկ կաթողիկե համայնքը կազմում է շուրջ 100 ընտանիք:
Հայ Առաքելական եկեղեցու Ավստրիայի համայնքը սկսել է ձևավորվել 19-րդ դարի սկզբին: 19-րդ դարի վերջին վիեննահայերը փորձել են առանձին եկեղեցի ունենալ և հիմնել են մի մատուռ, այնուհետև 1912-13 թթ. եկեղեցու շինության համար հողակտոր են գնել Վիեննայի կենտրոնական թաղամասում, որի վրա 1965-68 թթ. կառուցվել է Ս. Հռիփսիմե եկեղեցին՝ դառնալով Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության և Ավստրիայի հոգևոր հովվության կենտրոնը:
Ավստրիայում հայերը համարվում են կրոնական փոքրամասնություն: