Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 09:00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա Ֆրանսիայի «Ակցիա-առողջություն Հայաստան Ֆրանսիա» կազմակերպության Սրտաբանության եվրակովկասյան հերթական 7-րդ համաժողովի բացումը, որն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Առողջապահության նախարարության աջակցությամբ:
Համաժողովը և մասնագիտական սեմինարները վարելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած անվանի սրտաբաններ: Արդեն իսկ գրանցվել է 355 մասնակից: Համաժողովը կընթանա 2 օրով:
«Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությունը Ֆրանսիայում գրանցված մասնագիտական կառույց է, որը ստեղծվել է 1993 թ.-ին: Կառույցի կազմում ընդգրկված են հայ և օտարազգի հայտնի բժիշկներ: ՀՖԱԱ-ի նախագահը ֆրանսիայում (ք. Մարսել) բնակվող հայազգի սրտաբան-վիրաբույժ Ավետիս Մատիկյանն է, ով 1988թ.-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ակտիվորեն աջակցել է Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացմանը:
«Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության ջանքերով 2013թ. ՀՀ Գորիս քաղաքում բացվել է Սրտանոթային հիվանդությունների կենտրոն, որը հիմնականում սպասարկում Սյունիքի մարզը և Արցախը: