Դարձիր Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցը
04 Ապրիլի 2023
Դարձիր Հայաստանում իր տեսակի մեջ առաջին Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցը:
Սույն թվականի օգոստոսի 1-3-ը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում կանցկացնի Ազգային երիտասարդական համաժողով, որը կհամախմբի Հայաստանից, սփյուռքից և Արցախից 18-ից 35 տարեկան 450 երիտասարդների՝ մասնակցելու Հայաստանի զարգացման գործընթացին, կապ հաստատելու և հզորացնելու միմյանց, ինչպես նաև ոգևորելու ընդլայնել իրենց աշխատանքը և ներգրավվածությունը համայնքներում։
Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար:
Ազգային երիտասարդական համաժողովը կանցկացվի ինտերակտիվ և ներառական ձևաչափով, որի ընթացքում տեղի կունենան պանելային քննարկումներ, հանդիպումներ, պրեզենտացիաներ, աշխատաժողովներ, ինչպես նաև էքսպոներ, կապերի հաստատման և մշակութային միջոցառումներ: Համաժողովն ամբողջ աշխարհի հայ երիտասարդներին հնարավորություն կտա բացահայտելու ընդհանուր առաջնահերթությունները և միասին աշխատելու Հայաստան-սփյուռք երիտասարդական համագործակցության ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ:
Սփյուռքի համայնքներում ակտիվ ներգրավված երիտասարդ գործիչները, մասնագիտական խմբերի ներկայացուցիչները, համահայկական, երիտասարդական կառույցների անդամները, ովքեր հետաքրքրված են համաժողովին մասնակցությամբ, կարող են լրացնել հայտադիմումը մինչ ապրիլի 22-ը՝ https://forms.gle/u27KbzBZwyLV8PcFA:
Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով և սահմանափակ տեղերով: