Գլխավոր հանձնակատարը մասնակցել է INNO Armenia-2023-ի բացմանը
18 Ապրիլի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկա է գտնվել «INNO Armenia-2023» Նորարարության և ձեռներեցության ազգային շաբաթվա բացմանը։ Կազմակերպիչը ՀՀ էկոնոմիկայի նախարարության նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնն է։
Միջոցառման առաջին օրվա ընթացքում տեղի ունեցավ առանցքային իրադարձություններից մեկը. համագործակցության հուշագիր կնքվեց մեր գրասենյակի և կենտրոնի միջև: «Այսօրվա միջոցառման շրջանակներում հետաքրքիր կլինի նշել, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իրականացնում է Սփյուռքի ներուժի վերհանման և քարտեզագրման ծրագիր, ինչը մեր պետությանը հնարավորություն կտա, ուսումնասիրելով սփյուռքի առկա մարդկային, այդ թվում՝ մասնագիտական ներուժը, ապահովել վերջիններիս արդյունավետ ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության կյանքի տարբեր ոլորտներում և ունենալ մեկ ընդհանուր տեղեկատվական բազա»,-նշել է Զարեհ Սինանյանը:
Նա նաև ընդգծել է, որ միջոցառումը հնարավորություն է տալիս համագործակցություն ձևավորել և ընդլայնել համապատասխան ոլորտների հայաստանյան և արտասահմանյան մասնագետների, փորձագետներ միջև առկա կապերը:
Միջոցառումը կտևի մեկ շաբաթ, որի ընթացքում տեղի կունենան Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության և կանանց ձեռներեցությանն առնչվող քննարկումներ, շնորհանդեսներ և ցանցային հանդիպումներ, ինչպես նաև տեղի և արտասահմանյան փորձագետների միջև փորձի փոխանակումներ։