Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Վալենսիայում

27 Ապրիլի 2023

Իսպանիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Միսլատայի քաղաքապետ Կառլոս Ֆերնանդես Բիելսայի հետ՝ «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանի ուղեկցությամբ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է քաղաքում հայ համայնքի դերը և ներկայությունը, ինչպես նաև քաղաքի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և հայանպաստ քաղաքականությունը։ Այնուհետ Գլխավոր հանձնակատարը ծաղիկներ է խոնարհել քաղաքի հայկական խաչքարին։ Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը ներկայացրել է միության և համայնքի աշխատանքները կրթական, մշակութային, քաղաքական և այլ ուղղություններով։ Գլխավոր հանձնակատարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել համայնքին միասնականության համար և կարևորել նրանց ակտիվ կապը հայրենիքի հետ։ Այնուհետ Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի ծրագրերը և գործունեությունը։ Ծավալուն ակնարկ է կատարվել հայրենադարձության և սփյուռքի ներուժի ներգրավման թեմաներին։ Ներկաները հարցեր են ուղղել համայնքային կրթական խնդիրների, դասագրքերի, Հայաստանի անվտանգային իրավիճակի, զինվորական ծառայության և այլ ոլորտների վերաբերյալ։ Հանդիպման ավարտին համայնքի ներկայացուցիչները գրասենյակի հետ ակտիվ համագործակցության պատրաստակամություն են հայտնել։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office