Տեղի է ունեցել Հայրենդարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացումը
27 Հուլիսի 2023
Հուլիսի 27-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նախարարներ, Ազգային ժողովի պատգամավորներ և ավելի քան 80 գործընկերներ:
Նորաբաց կենտրոնը հանդիսանում է միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների համար՝ աջակցելով նրանց դեպի հայրենիք տեղափոխությանն առնչվող բոլոր հարցերում։ Այն ստեղծվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից՝ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի և «Repat Armenia» հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Վարչապես Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ողջունել է այս նախաձեռնությունը և կարևորելով կենտրոնի անհրաժեշտությունը՝ նշել. «Հայրենադարձություն բառը բոլորիս համար թանկ, կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող արտահայտություն է… Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս կարևոր առիթով: Նման քայլերով պետք է ամրապնդենք մեր քաղաքացիների, ժողովրդի վստահությունը Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ՝ այն արձանագրումով, որ այդ ապագան ոչ ոք սկուտեղի վրա մեզ չի մատուցելու։ Դա մի գործ է, որը մենք պետք է անենք բոլորս միասին, յուրաքանչյուրս մեր տեղում»:
Կենտրոնի նպատակ է խթանել հայրենադարձությունը, աջակցել հայրենադարձների արդյունավետ ինտեգրման գործընթացին և ակտիվ ներգրավմանը Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական, մշակութային ու սոցիալ-տնտեսական կյանքին:
Իր խոսքում Գլխավոր հանձնակատարը նշել է. «Կենտրոնի բացումը նշանակալի իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի համար, մասնավորապես, վերջին տարիներին մեծ ակտիվություն ստացած հայրենադարձության գործընթացն ու հայրենակիցներին ինտեգրելու ջանքերը համակարգված իրականացնելու առումով»:
Կարևորելով մասնավոր կառույցների հետ համագործակցությունը՝ Զարեհ Սինանյանը հավելել է. «Հայրենադարձության գործընթացում միջազգային հաջողված փորձը վկայում է, որ բացի պետական մասնակցությունից շատ կարևոր է սփյուռքի շահագրգռվածությունը և մասնավոր կառույցների ներգրավումը, ինչի ականատեսն ենք այսօր: Հույս եմ հայտնում, որ «Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» օրինակը վարակիչ կդառնա»:
Հիշեցնենք, որ կենտրոնը գտնվում է Հանրապետության 37 հասցեում, որտեղ տեղակայված է կենտրոնի գործընկեր «Repat Armenia» հիմնադրամը, և որի հետ սերտ համագործակցություն է սպասվում հայրենադարձների աջակցման տարբեր ուղղություններով: