Օտարերկրյա պետությունում նշանակվել է առաջին Սփյուռքի գործերի հանձնակատարը
05 Սեպտեմբերի 2023
Ներդրվում է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ լեհ-հայկական հիմնադրամի տնօրեն Դիանա Հովակիմյանը նշանակվել է Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։
Լեհաստան աշխատանքային այցի ընթացքում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհավորել է տիկին Հովակիմյանին պաշտոնի նշանակման առթիվ։ «Մենք հավատում ենք այս ինստիտուտի կայացմանը և Սփյուռքի գործերի հանձնակատարների ցանցի ստեղծմանը։ Այն նոր հնարավորություններ կընձեռի Հայաստան-սփյուռք գործակցության համար՝ առավել անմիջական և արդյունավետ դարձնելով համայնքների հետ կապերը։ Քաջատեղյակ եմ համայնքում Ձեր ակտիվ գործունեության մասին և լիահույս եմ, որ այն կշարունակվի նոր տեմպով։ Դուք այժմ լեհահայ համայնքի և Հայաստանի միջև կապող օղակն եք»,- նշել է Զարեհ Սինանյանը՝ ընդգծելով, որ կարևորում է հենց համայնքներում կայացած և ընդունված անձանց նշանակումները։
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Լեհաստանում Սփյուռքի գործերի նորանշանակ հանձնակատարն անդրադարձ է կատարել իր գործառույթներին և ապագայի պլաններին, որոնք միտված են լինելու համայնքի և Հայրենիքի միջև կապի ամրապնդմանը, հանդիպումների և միջոցառումների կազմակերպմանը, խնդիրների վերհանմանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ կապերի ընդլայնմանը և այլն։
Առաջիկայում նախատեսվում են նշանակումներ այլ համայնքներում ևս։