Շարունակվում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայաստանյան փուլը
03 Հոկրեմբերի 2023
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները շարունակում են հանդիպումներ ունենալ Հայաստանի տարբեր հիմնադրամների և հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։
Այս օրերին սփյուռքահայ երիտասարդներն այցելել են ծրագրի գործընկեր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գրասենյակ, հանդիպել հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանի և իր թիմի հետ՝ ծանոթանալով հիմնադրամի գործունեությանը Հայաստանում:
Մասնակիցների հանդիպումը «reArmenia» հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ կրում էր ««ռեԱրմինիա». Հայաստանի հետ համագործակցության առաջին քայլը» խորագիրը, որի շրջանակում երիտասարդներին ներկայացվել է հարթակի գործունեությունն ու սփյուռքի հետ համագործակցության հնարավորությունները:
Արդյունավետ փորձի փոխանակման նպատակով` երիտասարդ դեսպանները մասնակցել են «Համայնքային գործունեության հարցերի շուրջ» աշխատաժողովին, որի ընթացքում սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչները՝ Անդրե Վարդան-Պօղոսեանը (Ավստրալիա), Ինեսա Ռուբինյանը (Շվեդիա), Լուսինե Ուստյանը (ՌԴ) և Կարեն Մուրադյանը (Բելառուս), ներկայացրել են իրենց փորձն ու փոխանցել գործնական գիտելիքներ: Աշխատաժողովը վարել է մեր գրասենյակի խորհրդական Հերմինե Հարությունյանը:
Սփյուռքահայ երիտասարդները ծանոթացել են նաև Հայաստանում և համայնքներում կամավորության հնարավորություններին:
«Դեպի Հայք» (՛՛Birthright Armenia՛՛) հիմնադրամի տնօրեն Սևան Կաբակյանի հետ հանդիպմանը մասնակիցները տեղեկացել են հիմնադրամի գործունեությանը, կամավորության և համայնքում մարդկանց ներգրավման հնարավորություններին, իսկ «Հայ կամավորների միության» (՛՛Armenian Volunteer Corps՛՛) հետ հանդիպմանը գործադիր տնօրեն Արինա Զոհրաբյանը ներկայացրել է միության գործունեության հիմնական ուղղությունները:
Ծրագրի մշակութային միջոցառումների շրջանակներում սփյուռքահայ երիտասարդներն այցելել են Երևանի Կամերային թատրոն՝ դիտելով «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա» ներկայացումը, ինչպես նաև մասնակցել Էջմիածնում խաչքարագործության վարպետության դասի։