Սփյուռքի երիտասարդ դեսպանները հանդիպել են ՀՀ պետական պաշտոնյաների հետ
05 Հոկրեմբերի 2023
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:
Հանդիպումը անց է կացվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Երիտասարդները հնարավորություն են ունեցել տեղեկանալու սփյուռքի համայնքների և նախարարության միջև կրթամշակութային համագործակցության հնարավորություններին և սփյուռքահայերի համար իրականացվող ծրագրերին:
Մասնակիցները շրջել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, նաև այցելել Կոմիտասի անվան պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու Վարդապետի մահարձանին:
«ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ» թեմայի շրջանակներում Սփյուռքի երիտասարդ դեսպանները հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպմանը մասնակիցները տեղեկացել են Հայաստան-սփյուռք գործակցության ներկայիս օրակարգին, գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին և հնարավորություն են ունեցել խոսելու իրենց հետաքրքրող հարցերի շուրջ:
Երիտասարդներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո շրջայց կատարել թանգարան-ինստիտուտում:
Մասնակիցների համար առանձնահատուկ նշանակություն ունեցավ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելությունը: Երիկտասարդները Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում հանդիպել են ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Վարազդատ քահանա Նաջարյանի հետ, որից հետո մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել մեր հերոսացած տղաների շիրիմներին: