«իԳործ» ծրագիրը որպես հաջողված փորձ ներկայացվել է ԵՄ «Ապագայի ֆորում»-ում
19 Հոկրեմբերի 2023
ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագիրը որպես լավագույն հաջողված փորձ ներկայացվել է Եվրոպական միության «Ապագայի ֆորում»-ի շրջանակներում: Հոկտեմբերի 17-18-ը Բրյուսելում կայացած համաժողովը սփյուռքների ներգրավվածությանը և ներուժի վերհանմանը նվիրված ԵՄ առաջատար նախաձեռնությունն է: «իԳործ» ծրագրի համակարգող Լիլիթ Խաչատրյանը որպես բանախոս հանդես է եկել «Համագործակցություն հաջողության համար» խորագրով պանելային քննարկման ընթացքում Նորարարության և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի «Գիտելիք և նորարարություն» համայնքի հետազոտությունների, գործընկերության և ծրագրերի ղեկավար Ֆերնանդո Ջ. Դիազ Լոպեսի, #DiasporaVote! նախաձեռնության հանրային կապերի պատասխանատու Նահիդ Բենանիի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ծրագրերի ավագ ղեկավար Օուլա Թարսիմի և Դանիայի փախստականների հարցերով խորհրդի սփյուռքի ծրագրերի ղեկավար Ռաֆայել Կապոնիի հետ համատեղ:
Գրասենյակի ներկայացուցիչը մանրամասն անդրադարձ է կատարել «իԳործ» ծրագրի նպատակներին, առաքելությանը և գրանցած հաջողություններին: «Նախևառաջ Հայաստանում հայկական սփյուռքի ներուժի ներգրավմանը, պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներառականությանը և մասնագիտական հայրենադարձությանն է ուղղված ծրագիրը: Արդեն իսկ 200 մասնագետներ են ծրագրով ժամանել Հայաստան: Ուրախ ենք նշել, որ նրանք ոչ միայն իրագործում են տարաբնույթ ծրագրեր, նշանակվում բարձրաստիճան պաշտոնների, նաև մասնակիցների 70 տոկոսից ավելին որոշում է կայացնում մշտապես բնակվել Հայաստանում»,-նշել է Լիլիթ Խաչատրյանը:
Նա նաև կարևորել է, որ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը «իԳործ» ծրագիրը 2022 թվականին ներառել է իր լավագույն փորձերի շտեմարանում:
Պանելային քննարկման ավարտին ծրագրի վերաբերյալ հնչել են բազմաթիվ հարցեր և առաջարկություններ՝ «իԳործ» ծրագրի շրջանակներում փորձի փոխանակում և հաջողված փորձի տարածում իրականացնելու վերաբերյալ: