Հայ իրավաբանների համագումարին քննարկվել են հայ ժողովրդի անվտանգության ապահովման իրավական մեխանիզմներին առնչվող հարցեր
28 Հոկրեմբերի 2023
Երևանում շարունակվում է Հայ իրավաբանների համագումարը՝ 30-ից ավելի երկրներից 250 իրավաբանների մասնակցությամբ: Համագումարը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:
Հավաքի առաջին պանելային քննարկման թեման էր սփյուռքի իրավաբանական համայնքի դերը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին աջակցելու գործում: Որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գործադիր տնօրեն Տաթևիկ Մատինյանը, «Lewis Baach Kaufmann Middlemiss» իրավաբանական ընկերության փաստաբան, ԱՄՆ հայ փաստաբանների միության անդամ Ալեքսանդր Բեդրոսյանը և Մոսկվայի «Կոլեգի» փաստաբանների կոլեգիայի նախագահ, Ռուսաստանի հայ իրավաբանների ընկերակցության ավագների խորհդի նախագահ Ալեքսանդր Կոստանյանցը: Նիստը վարել է Կալիֆորնիայի գերագույն դատարանի քրեական հարցերով դատավոր, ԱՄՆ հայ փաստաբանների միության խորհրդի անդամ Արմենուհի Աշվանյանը:
Քննարկման մասնակիցները անդրադարձ են կատարել Հայաստանում սփյուռքահայ իրավաբանների ներգրավվածության ձևաչափերին և օրենսդրական բարեփոխումների համատեքստում նրանց ներառականությանը:
«ԼՂ հիմնախնդիրը և հետպատերազմյան իրավական գործընթացները» քննարկմանը բանախոսներն են եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը, Մարդու իրավունքների միջազգային դիտորդական գրասենյակի իրավախորհրդատու, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների հարցերով իրավաբան Լուսիանա Մինասեանը, Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակի միասնական թիմի ղեկավար և դատավարական փաստաբան Ալեքսիս Դեմիրճեանը: Որպես քննարկման մոդեռատոր է հանդես եկել Բարձր քրեական դատարանի նախկին զեկուցող և Մարդու իրավունքների միջազգային դիտորդական կենտրոնի տնօրեն Իռենե Վիկտորյա Մասսիմինոն:
«Հայ ժողովրդի անվտանգության ապահովման իրավական մեխանիզմները» խորագրով նիստին ներկաներին իրենց տեսակետներն ու թեմայի վերաբերյալ վերլուծությունն են փոխանցել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Գերմանահայկական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «German Institute for Compliance»-ի անդամ Գուրգեն Պետրոսյանը, «Frontlines-International Law, Human Rights and Armenian Experience»-ի հիմնադիր և համահեղինակ, «Kerkonian Dajani» LLP-ի միջազգային և դաշնային հարցերով ղեկավար Գառնիկ Քըրքոնեանը և Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը: Քննարկումը ղեկավարել է Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանների միության նախագահ Սամվել Կարախանյանը:
Հոկտեմբերի 29-ին համաժողովը կշարունակվի քննարկումների և աշխատաժողովների ձևաչափով:
Հայ իրավաբանների համագումարի գլխավոր գործընկերն է Team Telecom Armenia-ն: Այն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։
Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին։