Զարեհ Սինանյանը որպես բանախոս մասնակցել է Քրդական սփյուռքի հեռանկարները թեմայով միջազգային հավաքին

01 Դեկտեմբերի 2023

Զարեհ Սինանյանը Լոնդոնում մասնակցել է «Քրդական սփյուռքի հեռանկարները» թեմայով միջազգային աշխատաժողովին և որպես բանախոս հանդես եկել «Սփյուռքի և հայրենիքի միջև ինստիտուցիոնալ հարաբերություններ» խորագրով նիստին։

Հավաքին մասնակցել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամներ, Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն, ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազամկերպությունից, դասախոսներ և հետազոտողներ Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Ճապոնիայից, Իտալիայից, Իսայելից, Հունաստանից, ինչպես նաև բանախոսներ մեծ սփյուռքներ ունեցող պետություններից։

Որպես սփյուռքի հետ հաջող աշխատանքի օրինակ՝ հավաքի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է հայկական սփյուռքի հետ գործակցության հայաստանյան փորձը, ծրագրերը, սփյուռքի ներառականության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները։

Հատկապես մեծ հետաքրքրության են արժանացել հայկական սփյուռքի համար իրականացվող մասնագիտական ծրագրերը, հայրենադարձության գործընթացի կազմակերպումը, համատեղ օրակարգերի մշակումը։

Այնուհետ սփյուռքի հետ աշխատանքի իրենց փորձն են ներկայացրել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչ Ֆրանչես Քլարեթը և Բասկերի երկրի տարածաշրջանային կառավարության արտերկրում բնակվող բասկերի հարցերի դեպարտամենտի ներկայացուցիչ Բենան Օրեգի Ինուրիետան։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office