ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ամանորյա շնորհավորական խոսքը
31 Դեկտեմբերի 2023
Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ,
Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
2023 թվականին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակել է իր գործունեությունը՝ հավատարիմ մնալով առողջ երկխոսության, փոխվստահության, փոխպատասխանատվության, հայրենիքում սփյուռքի ներգրավվածության ապահովման իր արժեքներին:
Անցնող տարին գրասենյակի համար նշանավորվեց Հայաստանի պատմության մեջ առաջին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի բացմամբ, որը վերջնանպատակ ունի հայրենադարձների համար դառնալու մեկ ռեսուրս կենտրոն և մեկ պատուհան խնդիրների լուծման համար: Առաջին անգամ Երևանում անցկացվեցին Ազգային երիտասարդական համաժողովը և Հայ իրավաբանների համագումարը, որոնց ընթացքում քննարկվեցին հայկական պետականությանն ու սփյուռքի առնչվող ամենատարբեր թեմաներ՝ հայկական շահերի պաշտպանությունից մինչև կրթություն, ինքնություն, մարդու իրավունքներ:
Ուրախությամբ պետք է նշել, որ սփյուռքի համար արդեն իսկ սիրելի մի շարք ծրագրեր շարունակվեցին՝ պահպանելով իրենց որակն ու ընդգրկումը: Հայաստանի պետական համակարգում աշխատանքի անցավ սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի չորրորդ սերունդը: Համայնքներում իրենց աշխատանքը մեկնարկեցին «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի երրորդ շրջափուլի մասնակիցները: Սփյուռքահայ պատանիները «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրով շարունակեցին բացահայտել հայրենիքը: Սփյուռքի կամավոր մասնագետների համար առաջին անգամ մեկնարկեց «ԴիասՊրո» փորձագիտական-խորհրդատվական ծրագիրը:
Գրասենյակի գործունեության համար առանցքային էր համայնքներում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրումը և առաջին նշանակումը:
Տարին կարևորվեց նաև մի շարք միջազգային հարթակներում գրասենյակի լավագույն փորձի ներկայացմամբ, ինչպիսիք էին Լեհաստանում անցկացված Եվրոպական տնտեսական համաժողովը, Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի շրջանակներում Հունաստանի և Եգիպտոսի՝ սփյուռքի հարցերով պատասխանատուների հետ հանդիպումները, Եվրոպական միության «Ապագայի ֆորում»-ը, Բրյուսելում անցկացված «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովը, Լոնդոնում կազմակերպված «Քրդական սփյուռքի հեռանկարները» թեմայով միջազգային աշխատաժողովը։
2024 թվականը մենք սկսում ենք նույն հաստատակամությամբ և համոզմունքով, որ հայրենիքի և սփյուռքի համար համահայկական միասնականությունը և համախմբվածությունը որոշիչ նախապայմաններ են հետագա առաջընթացի համար: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակելու է պետականակենտրոն գաղափարախոսությամբ սփյուռքի հետ առողջ երկխոսությունը և գործակցությունը:
Սիրելի հայրենակիցներ,
Թող 2024 թվականը համայն հայության համար լինի կայուն խաղաղության, ձեռբերումների և հաջողությունների տարի: Թող հայրենիքում և սփյուռքում յուրաքանչյուր նախաձեռնություն և աշխատանք ունենա արդյունավետ ընթացք և բարեբեր ավարտ:
Մաղթում եմ առողջություն, ամուր կամք և նոր գաղափարներ՝ հանուն Հայաստանի և համայն հայության: