Ամփոփվել են 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի առաջին եռամսյակի աշխատանքները
12 Փետրվարի 2024
Ամփոփվել են 2023-24 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների՝ «Աշխատանք համայնքներում» փուլի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները:
Դրանք իրականացվել են 4 հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական հանդիպումներ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ծրագիրը, ինչպես նաև Հայաստանում սփյուռքահայերի ներգրավվածությամբ այլ ծրագրեր ներկայացնելու և դրանցում հետաքրքրված անձանց շրջանակներն ընդլայնելու նպատակով, համագործակցության ձևավորում և համատեղ առցանց հանդիպումների անցկացում հայաստանյան կառույցների հետ, հանդիպումներ ՀՀ դեսպանների, հյուպատոսների և հոգևոր այրերի հետ, երիտասարդ դեսպանների հյուրընկալումներ տարբեր մեդիա հարթակների կողմից և այլն:
Համայնքային հանդիպում-հավաքների շրջանակներում Սփյուռքի երիտասարդ դեսպանները ներկայացրել են ծրագիրը, նպատակները, իրենց նախաձեռնությունները, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ», «Քայլ դեպի տուն», «ԴիասՊրո» ծրագրերը, Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի աշխատանքները, ծրագրի գործընկեր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործունեությունը, «ՄԱՄ» կրթական շարժումը, «Դեպի Հայք» (Birthright Armenia), «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia), «The Armenian Project», «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) հիմնադրամները, Հայ կամավորների միությունը և Հայաստան-սփյուռք գործակցության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող այլ գործընկեր կազմակերպություններ:
Մարսելում Սփյուռքի երիտասարդ դեսպան Լուիզա Հակոբյանը հանդիպում է ունեցել Նիցցայի Պարսամյան դպրոցի խորհրդի նախագահ Կիրկոր Աժտերխանյանի, Կոտ դ' Ազուրում Հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի նախագահ Վահագն Մովսեսյանի, ինչպես նաև Նիցցայի Դեպարտամենտում հանրապետականների նախագահ Էրիկ Սիոտտի հետ: Մարսելում Լուիզան հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ, որն անցկացվել է ԺԱՖ «Հայ երիտասարդները Ֆրանսիայում» մշակույթի կենտրոնում՝ ԺԱՖ խորհրդի անդամ Պասկալ Շամասյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են գտնվել միության անդամները, դասախոսները, համայնքի ակտիվ երիտասարդները, ինչպես նաև դպրոցի աշակերտները:
Լուիզան կազմակերպական աջակցություն է ցուցաբերել Մարսելի Հայկական բարեգործական ընդհանուր միությունում «Իմփաքթ Հաբ Երևան»-ի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի կողմից անցկացվող «Սոցիալական ներդրումները Հայաստանում՝ որպես սոցիալական և տնտեսական զարգացման խթան» խորագրով միջոցառմանը, որի շրջանակներում ներկայացրել է «ռեԱրմինիա» (reArmenia) հարթակը՝ որպես աշխարհի հայերի գիտելիքի, փորձի, կապերի և ֆինանսների ներդրմամբ՝ ամենատարբեր խնդիրների լուծմանն ուղղված համագործակցության հարթակ:
Գերմանիայի Քոբլենց քաղաքում Սփյուռքի երիտասարդ դեսպան, «Մոնթե» հայկական կրթօջախի հիմնադիր Արգինե Բադալյանը կրթօջախի 2-րդ ամյակի տոնակատարության շրջանակներում ներկայացրել է Գերմանիայի ևս երկու քաղաքներում 2023-2024 թթ. ծրագրի դեսպաններ Աստղիկ Անտոնյանին (Շտուտգարդ) և Աննա Ասա-Ղազարյանին (Մյունխեն), ինչպես նաև թե՛ իրենց, թե՛ Գերմանիայից ծրագրի շրջանավարտների հետ համագործակցության հեռանկարները, որոնք ծառայելու են գերմանահայ համայնքների զարգացմանը և Հայաստան-սփյուռք գործակցության ամրապնդմանը։
Արգինե Բադալյանը և Աստղիկ Անտոնյանը ներկա են գտնվել Լյունեբուրգում «ԱՐԻ» երիտասարդական միության կողմից կազմակերպված ամենամյա ձմեռային երիտասարդական հանդիպմանը, որին մասնակցել են 80 հայ երիտասարդ Գերմանիայի տարբեր երկրամասերից։
Մյունխենում՝ Բավարիայի հայ հայրենակցական միության կենտրոնում, Գերմանիայում Սփյուռքի երիտասարդ դեսպաններից Աննա Ասա֊Ղազարյանը հանդիպում է ունեցել միության անդամների և համայնքի ակտիվ երիտասարդների հետ։ Նման հանդիպումները շարունակական կլինեն, և հնարավորություն կտան համայնքի ներկայացուցիչներին պարբերաբար տեղեկացված լինելու թե՛ գրասենյակի, թե՛ ընդհանրապես Սփյուռքի համար Հայաստանում իրականացվող ծրագրերին:
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի բոլոր տարիների Գերմանիայի ներկայացուցիչները՝ Աստղիկ Անտոնյանը (Շտուտգարդ), Աննա Ասա-Ղազարյանը (Մյունխեն) և Արգինե Բադալյանը (Քոբլենց), 2021 թ. մասնակիցներից Մարի Հունանյանը (Քյոլն) և 2022 թ. մասնակից Կարինա Վարդանյանը (Համբուրգ), առցանց հանդիպմամբ քննարկել են ծրագրի ընթացքն ու կատարել փորձի փոխանակում
Իսպանիայում Սփյուռքի երիտասարդ դեսպան Գինուշ Առաքելյանը մասնակցել է Casa Armenia-ում Բարսելոնայի հայկական մշակութային ասոցիացիայի (ACAB) կազմակերպած միջոցառմանը, որին ներկա են գտնվել երիտասարդներ, Բարսելոնայի հայ համայնքի ղեկավարներն ու ACAB-ի խորհրդի անդամները և ծանոթացել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին: Լսարանն առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեց հայրենադարձության, ինտեգրման և կամավորական նախաձեռնությունների նկատմամբ՝ ընդգծելով Հայրենիքի և իրենց ժառանգության հետ կապերի ամրապնդման կարևորությունը:
Ծրագրի մանրամասները ներկայացվել են Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի և հայ երիտասարդական միությունների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպմանը, որին ներկա է գտնվել Բելգիայում Սփյուռքի երիտասարդ դեսպան Տիգրան Հովհաննիսյանը: Նա իր խոսքում ընդգծել է Բելգիայի հայկական կենտրոններում երիտասարդական խմբերի հետ համագործակցաբար մշակութային և կրթական միջոցառումների հաճախակի կազմակերպման կարևորությունը, որոնք կապահովեն համայնքի ներգրավվածությունն ու ակտիվությունը:
Սևիլիայում Սփյուռքի երիտասարդ դեսպան Էմիլ Պետրոսյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը համայնքին է ներկայացրել Սուրբ Ծննդյան միջոցառման շրջանակներում: Պատարագ և Ջրօրհնեքի կարգի արարողություն անցկացնելու նպատակով՝ Սևիլիայում է գտնվել Անդալուզիայի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թորոս քահանա Եսայանը, ով ներկա է եղել միջոցառմանն ու հղել իր օրհնանքի խոսքը:
Կանադայում Սփյուռքի երիտասարդ դեսպան Ռոբերտ Մարգարյանն առցանց և անցանց տեղեկատվական հանդիպումներ է ունեցել Էդմոնտոնի և շրջակա քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին ներկա են գտնվել համայնքի անդամներ, ովքեր հետաքրքրված են Սփյուռքում և Հայաստանում գործող տարբեր կազմակերպություններով և ծառայություններով:
Բրազիլիայում Սփյուռքի երիտասարդ դեսպան Աբրահամ Կուլաջյանը Սան Պաուլոյի հայ համայնքում հանդիպել է համայնքի երիտասարդների և հայկական դպրոցի աշակերտների հետ, ինչպես նաև առանձնազրույցներ է ունեցել պատվավոր հյուպատոս տիկին Հիլդա Դիրուհի Բուրմայանի, Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի հետ:
Սփյուռքի ներկայացուցիչների ակտիվ աշխատանքը և տարբեր կազմակերպությունների ու համայնքների միջև կապերի ամրապնդումն ընդգծելու նպատակով՝ Անապայում Սփյուռքի երիտասարդ դեսպան Սվետլանա Մինասարյանը հանդիպում-քննարկում է ունեցել երիտասարդական թիմի, մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների և համայնքի անդամների հետ:
Քննարկմանը միացել են նաև 2021 թվականի երիտասարդ դեսպաններ Ինեսա Ռուբինյանը (Շվեդիա, Ուփսալա) և Կարեն Մուրադյանը (Բելառուս, Մինսկ):
Սփյուռքի երիտասարդ դեսպաններ Մանե Հովակիմյանը և Ռուզաննա Ավագյանը Սանկտ Պետերբուրգում՝ Լազարյանների անվան հոգևոր-լուսավորչական կենտրոնում, ներկայացրել են սփյուռքահայ պատանիների ուսումնաճանաչողական «Քայլ դեպի տուն» ծրագիրը: Միջոցառումը սկսվել է Սանկտ Պետերբուրգի հայության հոգևոր հովիվ Տ․ Եփրեմ քահանա Զարգարյանի օրհնությամբ:
Պենզայի հայկական ազգային-մշակութային ինքնավարության հայկական կիրակնօրյա դպրոցում Պենզայում Սփյուռքի երիտասարդ դեսպան Նաիրա Բաղդասարյանը հանդիպել է դպրոցի տնօրինության, սաների և նրանց ծնողների հետ: Ծրագրերը ներկայացնելուց հետո ձեռք է բերվել պայմանավորվածություն ինքնավարությունում ծրագրի շրջանակներում հետագա աշխատանքի և համագործակցության վերաբերյալ։
Տվերում Սփյուռքի երիտասարդ դեսպան Քրիստինա Ալեքսանյանը հանդիպել է Տվերի հայկական ազգային-մշակութային «ԱՐԱՐԱՏ» ինքնավարության և «Ուրարտու» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Միջոցառման ընթացքում ներկաները հետաքրքրվել են ներկայացված ծրագրերով և կենտրոնացել ինքնավարության զարգացման և Հայաստանի միջև կապեր հաստատելու հետագա աշխատանքի վրա։
Սփյուռքի երիտասարդ դեսպանները հյուրընկալվել են նաև տարբեր մեդիահարթակներում, ինչպես համայնքային, այնպես էլ Հայաստանում գործող:
Երիտասարդ դեսպանների աշխատանքները շարունակվում են և պարբերաբար լուսաբանվում ծրագրի ֆեյսբուքյան էջում: Հղումը՝ ստորև՝