Երևանում բացվել է «Մենք ենք՝ մեր անտառները» խորագրով ցուցադրությունը
22 Մարտի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բելգիահայ բարերար և ձեռներեց, «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության տնօրեն Անտրէ Գումուշճեանի հրավերով մասնակցել է «Մենք ենք՝ մեր անտառները» խորագրով ազդագրերի բացօթյա ցուցադրությանը: Ցուցահանդեսը նախաձեռնել են «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն, Բնության համաշխարհային հիմնադրամը և «Էյ-Թի-Փի» հիմնադրամը՝ ԱՀԱ կոլեկտիվի կողմից համադրմամբ և իրականացմամբ:
Բացման արարողությանը ներկա էին նաև Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, անտառվերականգնման աշխատանքային խմբի ղեկավար Համբարձում Մաթևոսյանը, պետական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչներ։
«Մենք ենք՝ մեր անտառները» ազդագրերի բացօթյա ցուցադրությունը բաց կլինի երկու ամիս՝ նպատակ ունենալով բարձրացնել մոլորակի վրա կյանքի հավասարակշռության պահպանման համար անտառների առանցքային դերի և դրանց պաշտպանության կարևորության մասին իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել անտառվերականգնման աշխատանքները Հայաստանում: