Լրացուցիչ կրթության հնարավորություններ հայրենադարձների համար

29 Մարտի 2024

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը շարունակում է հայրենդարձների ինտեգրման աջակցությանն ուղղված հավաք-հանդիպումների շարքը։  

Մարտի 28-ին կենտրոնում տեղի է ունեցել «Լրացուցիչ կրթության և վերամասնագիտացման հնարավորություններ հայրենադարձների համար» խորագրով միջոցառումը՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Հունաստանից, Արգենտինայից, Ռուսաստանից, Իրանից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիբանանից, Սիրիայից և այլ երկրներից ժամանած հայրենադարձների մասնակցությամբ։ 

Ներկայացնելով հանդիպմանը մասնակիցներին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանն ընդգծել է, որ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում հայրենադարձներին ծանոթանալ լրացուցիչ կրթության ոլորտում ինչպես պետական անվճար ծրագրերին, այնպես էլ մասնավոր ոլորտի հնարավորություններին։ 

Հանդիպում-հավաքին ելույթներով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետի պարտականությունները կատարող Ռեգինա Առաքելյանը և Մասնագիտական կրության և ուսուցուման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը։ 

Ըստ բանախոսների՝ ՀՀ պետական աջակցության ծրագրերը ներառում են ամենատարբեր ոլորտները՝ ավանդական մասնագիտություններից մինչև ժամանակակից մասնագիտական ուղղություններ, և հասանելի են բոլոր հայրենադարձների համար։  

Տեղեկատվական տեխնոլոգիաների, ուսումնակրթական, ծառայությունների մատուցման և արհեստակցական ուղղություններով առկա վերապատրաստաման դասընթացները ներկայացրել են «Sovorir.IT» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Ղազարյանը, «Move2edu/Move2Armenia» կազմակերպության վաճառքի բաժնի ղեկավար Վահան Ղուկասյանը, «ArmGate»-ի գործադիր տնօրեն Սոֆյա Սեյրանովան, «IT Academy» կենտրոնի տնօրեն Վահան Մկրտչյանը,  «Մանանա» ուսումնական կենտրոնի վաճառքի մենեջեր Տաթև Վարդանյանը և  «Քանոն» արհեստավորական դպրոցի տնօրեն Դավիթ Արզումանյանը։ 

«Sovorir.IT» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Ղազարյանի խոսքով՝ լրացուցիչ կրթության ոլորտնում իրենց ընկերությունը Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Հայրենիք-Սփյուռք․ Vol. 1» ծրագիրը՝ աջակցելով հայրենադարձների վերապատրաստմանը ՏՏ ոլորտում։ 

«Այս ծրագրի նպատակն է օգնել հայրենադարձներին նոր կրթություն, որակավորում ստանալ հայրենիքում։ Խոսքը թվային ոլորտի մասին է։ Մենք ցանկանում ենք հայրենադարձներին անցկացնել 4 փուլերի միջոցով, որոնք են ուսուցումը, փորձաշրջանը, սերտիֆիկացումն ու աշխատանքի տեղավորումը», - նշել է Մարտին Ղազարյանը։ 

Հանդիպման մասնակիցներից Մարիամ-Անապել Պալասանեանն Արգենտինայից Հայաստան է տեղափոխվել երկու ամիս առաջ։ Հայրենադարձը հանդիպմանը մասնակցել է նոր կրթական և վերապատրաստման հնարավորություններին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով։ 

«Հայաստանում արդեն անցել եմ աշխատանքի։ Մասնագիտությամբ անգլերենի ուսուցչուհի եմ։ Հիմա էլ IT ոլորտի մասնագետներին սովորեցնում եմ անգլերեն։ Այսօր այստեղ եմ եկել, որպեսզի ավելի տեղեկացված լինեմ վերապատրաստաման ոլորտների և հնարավորությունների մասին», - նշել է Մարիամ-Անապել Պալասանեանը։ 

Ծրագրերի և հնարավորությունների ներկայացումից հետո հանդիպում-հավաքը շարունակվել է ոչ ֆորմալ շփման ձևաչափով։ 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office