Տիգրան Իզմիրլյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով
05 Ապրիլի 2024
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Տիգրան Իզմիրլյանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու հանդիսավոր արարողությունը՝ ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաների մասնակցությամբ։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայրենիքի շքանշանը հանձնել է Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին։
Նախագահն իր խոսքում ընդգծել է Իզմիրլյան ընտանիքի մեծագույն ավանդը հայապահպանության, կրթության, առողջապահության և հայրենիքի բազմաթիվ այլ ոլորտներում:
«Մեզ շատ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի թվարկենք 1990 թվականից ի վեր Իզմիրլյան հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք հենց ասվածի վկայությունն են: Հայ ժողովուրդն արդեն իսկ գնահատել է Իզմիրլյան ընտանիքի հայրենանվեր գործունեությունը՝ արժանացնելով նրանց իր ջերմ ու անվիճարկելի սիրուն և հարգանքին: Բայց միևնույն ժամանակ մեր պետությունը և պետական պաշտոնյաներս յուրատեսակ պարտականություն ունենք արժանին մատուցել, գնահատել և պարգևատրել մեր երկրի և ժողովրդի մեծ բարեկամներին ու արժանավոր որդիներին», - նշել է Հանրապետության նախագահը:
Հայրենիքի շքանշանը հանձնվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց: